суббота, 10 июля 2021 г.

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասընթացը նպատակաուղղված է սովորողների ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովմանը, բարոյակամային որակների դաստիարակմանը, մասնագիտական թեքմանը համապատասխան մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովմանը, նրանց արդյունավետ աշխատանքին եւ հայրենիքի պաշտպանության նախապատրաստմանը:

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի հիմնական խնդիրներն են`

սովորողների առողջության ամրապնդում, մարմնի ճիշտ կեցվածքի ձեւավորում, օժանդակում ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը,

սովորողների շարժողական ընդունակությունների մշակում, դրանց կիրառումը տարբեր պայմաններում,

բարոյակամային որակների դաստիարակում, բարձր աշխատու-նակության ապահովում,

մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության ապահովում` ձեռք բերվող մասնագիտության առանձնահատկություններին համապատասխան,

շարժողական փորձի ընդլայնում եւ տարբեր պայմաններում կիրառելու հմտության ձեւավորում,

ֆիզկուլտուրայի եւ սպորտի, ինքնուրույն պարապմունքների անցկացման, օլիմպիական խաղերի, անվանի մարզիկների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում,

առողջ ապրելակերպի կանոններին տիրապետում,

ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքների նկատմամբ հետաքրքրության եւ ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապելու սովորության մշակում,

բավարար ֆիզիկական պատրաստականության ապահովում:

 Նշված խնդիրները /կրթական, առողջարարական, դաստիարակչական/ իրականացվում են հիմնականում ֆիզիկական կուլտուրայի դասերի ընթացքում, դրանց նպատակասլաց բովանդակությամբ, ճիշտ եւ արդյունավետ պլանավորմամբ եւ անցկացմամբ:

 Առողջարարական խնդիրների լուծման գործում հիմնականը եւ կարեւորը ֆիզիկական վարժությունների ճիշտ ընտրությունը եւ չափավորումն է, որտեղ պարտադիր պետք է հաշվի առնել սովորողների առողջական վիճակը, ֆիզիկական զարգացումը, տարիքային եւ սեռային առանձնահատկությունները, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի դասերի նկատմամբ հիգիենիկ պահանջների բավարարումը:

 Առողջության ամրապնդման համար անհրաժեշտ է դասերի ընթացքում խիստ կարգավորել սովորողների օրգանիզմի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այն հաշվով, որ այն աստիճանաբար ավելանա նրանց ուժերի չափով, այնուհետեւ բերել համեմատաբար հանգիստ վիճակի:

 Կրթական խնդիրներն իրականացվում են ծրագրի բովանդակությամբ նախատեսված շարժողական տարբեր վարժությունների եւ խաղե-րի յուրացման միջոցով:

 ՈՒսուցման ընթացքում սովորողների մեջ մշակվում են հիմնական շարժողական ընդունակությունները` արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, ուժ, դիմացկանություն եւ այլն:

 Բացի այդ, նրանք ձեռք են բերում նաեւ գիտելիքներ` ֆիզիկական կուլտուրայի նշանակության, անձնական հիգիենայի, առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի, պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման, ֆիզիկական զարգացման ինքնահսկման ձեւերի եւ այլնի վերաբերյալ:

 Դաստիարակության խնդիրներ: Ֆիզիկական կուլտուրայի դասերի ընթացքում անմիջականորեն լուծվում են նաեւ սովորողների կամային եւ բարոյահոգեբանական դաստիարակության խնդիրները:

 Այսպես, ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ դժվարություններ հաղթահարելը, տարբեր ֆիզիկական վարժությունների եւ մարզախաղերի ժամանակ համատեղ գործողություններ իրականացնելը, մարմնամարզական տարբեր մարզագործիքների վրա վարժություններ կատարելը, նպաստում են սովորողների համարձակության, սեփական ուժերի նկատմամբ վստահության, ընկերասիրության, հաստատակամության, փոխօգնության, կարգապահության, համագործակցության դաստիարակմանը, ինչպես նաեւ գիտակցական վերաբերմունք են ձեւավորում ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների նկատմամբ:

 

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

Комментариев нет:

Отправить комментарий