суббота, 10 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 ՄՄՈՒՀ-ներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պլանավորումը կատարվում է առարկան դասավանդողի կողմից՝ պետական ուսումնական պլանի և առարկայական չափորոշչի ու ծրագրի հիման վրա: Պլանավորվում են ուսումնական տարվա ընթացքում կատարվող աշխատանքները:

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմակերպման համար ընդունված է ունենալ պլանավորման հետևյալ փաստաթղթերը.

ուսումնական պլան (յուրաքանչյուր մասնագիտության համար),

ուսումնական տարեկան պլանի ժամանակացույցը /գրաֆիկը/,

թեմատիկ կամ կիսամյակային պլան,

ֆիզկուլտուրայի դասի պլանավորում (կոնսպեկտ),

ուսումնական աշխատանքի հաշվառման մատյան:

 Պլանավորման բոլոր փաստաթղթերը սերտորեն փոխկապված են, ունեն նման կառուցվածքային բովանդակություն և ներկայացնում են պլանավորման միասնական համակարգ:

 Շատ կարևոր է, որ պլանավորումը լինի իրատեսական և բխի դասի անցկացման պայմաններից:

 ՈՒսումնական պլանը /ժամացանցը/ կազմվում է առարկայի չափորոշչի և ծրագրի համաձայն, որտեղ նշվում են ՄՄՈՒՀ-ի անվանումը, ուսումնական տարին, տվյալ կուրսի ծրագրի բաժինները` ըստ ժամերի քանակի և ըստ կիսամյակների:

 Ժամերի բաշխումը կատարվում է կիսամյակների տևողությամբ:

 ՈՒսումնականտարեկան պլանավորումը /պլան-գրաֆիկ/ կազմվում է հիմնվելով ուսպլանի /ժամացանցի/ վրա: Ժամահաշվարկ կատարելիս պետք է կազմել առանձին կուրսերի համար մեկ տարվա պլան, որում ըստ ժամաբաշխման տեղադրվում են ծրագրի բաժինները:

 Տարեկան պլան-գրաֆիկում նշվում է ՄՄՈՒՀ-ն, կուրսը, ուսումնական տարին, ծրագրի բաժինները` ըստ կիսամյակների և դասի համարների: Տարեկան պլանավորման մեջ հստակորեն երևում է, թե ուսումնական տարին ծրագրի որ բաժնից է սկսվում և շարունակվում մինչև տարեվերջ, համապատասխան բաժնի դիմաց և դասերի համարների սյունակում նշվում է X (իքս) պայմանական նշանը:

 Տարեկան պլան-գրաֆիկը հնարավորություն է տալիս անհրաժեշտ կապ նախատեսել ծրագրի տարբեր բաժինների միջև, որը կարևոր նշանակություն ունի շարժողական ընդունակությունների մշակման գործում:

 Ուսումնական տարեկան պլան-գրաֆիկը կազմելիս պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, մարզագույքի, մարզական կառույցների առկայությունը:

 Թեմատիկ կամ կիսամյակային պլանավորումը կազմվում է ըստ կիսամյակների, Նախատեսվում են շարժողական գործողությունների ուսուցումը, ամրապնդումը և ստուգումը: Այստեղ ավելի է կոնկրետացվում որոշակի ժամանակամիջոցի համար կրթական, առողջարարական և դաստիարակչական խնդիրները:

 Թեմատիկ պլանավորման մեջ ծրագրի բաժինները ներկայացվում են ընդլայնված տեսքով և բաժանվում են ենթաթեմաների` համարվելով մեկ խնդիր: Այդ ենթաթեմաները գրելիս պետք է օգտվել ծրագրում համապատասխան խմբի համար հատկացված նյութից:

 Յուրաքանչյուր խնդիր դասերի ընթացքում նախ պետք է ուսուցանել (ու), ամրապնդել (ա), ապա ստուգել (ս):

 Ծրագրային նյութն ամբողջ ուսումնական տարվա վրա պետք է բաշխել այն հաշվով, որ նախատեսված ուսումնական նյութն ամբողջովին ուսուցանվի այդ ժամանակաշրջանում, իսկ բաշխումն ըստ կիսամյակների պետք է հիմնված լինի ծրագրային նյութի ուսուցմանն ապահովող որոշակի հաջորդականությամբ:

 Դասի պլանավորումը (պլան-կոնսպեկտ) տրամաբանորեն կապված է թեմատիկ պլանի հետ:

 Յուրաքանչյուր դասի պլանը կազմելու համար դասավանդողը ամենայն մանրամասնությամբ պետք է ընտրի համապատասխան ուսումնական նյութը, դասի խնդիրները, որոշի դրա բովանդակությունը, դասի յուրաքանչյուր մասի /ներգրավիչ, հիմնական, եզրափակիչ/ տևողությունը, կազմակերպման ու անցկացման ձևերն ու մեթոդները: Դասի պլանում նշվում են նաև հանձնարարվող տնային առաջադրանքները, ինչպես նաև սովորողների գիտելիքների, շարժողական գործողությունների կատարման ստուգումը /գնահատումը/:

 Ֆիզիկական կուլտուրայի դասի պլանավորումը կազմվում է յուրաքանչյուր դասի համար:

 Դասի պլանավորումը ենթադրում է լուրջ աշխատանք, որի արդյունքում ֆիզկուլտուրայի ղեկավարը (դասախոսը) մշակում է այն ձևերը, մեթոդներն ու հնարները, որոնք տանում են դասի նպատակի, խնդիրների իրականացմանը:

 Ուսումնական նյութի ճիշտ և արդյունավետ պլանավորումը համարվում է մանկավարժի գործունեության հաջողության գրավականը:

 Ուսումնական նյութը պլանավորելիս դասավանդողը պետք է հստակ պատկերացնի, թե ներգործության ինչ միջոցներով է նպաստելու սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավմանը, ինչպիսի օգտակար սովորություններ և բարոյա-կամային հատկանիշներ են արմատավորելու նրանց մեջ:

 ՈՒսումնական նյութը պլանավորելիս անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները.

-հաշվի առնել առարկային տրվող շաբաթական ժամաքանակը, յուրաքանչյուր կիսամյակի դասերի քանակը և տարբեր տեսակի ֆիզիկական վարժություններին /մարմնամարզական, աթլետիկական և այլն/ հատկացվող ժամերի քանակը,

-ուսումնական նյութը բաշխել այնպես, որ ապահովված լինի ծրագրի լրիվ կատարումը,

-պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, ՄՄՈՒՀ-ի մարզաբազայի և մարզագույքի հնարավորությունները, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման և շարժողական հնարավորությունների մակարդակը:

-Ծրագրային նյութն ամբողջ ուսումնական տարվա վրա պետք է բաշխել այն հաշվով, որ նախատեսված վարժություններն ու խաղերը ամբողջովին յուրացվեն այդ ժամանակաշրջանում:

-Ուսումնական նյութի բաշխումը պետք է հիմնված լինի ծրագրային նյութի ուսուցումն ապահովող որոշակի հաջորդականությամբ` տրամաբանական փոխադարձ կապի վրա:

-Ուսումնական նյութը կիսամյակների վրա բաշխելիս պետք է հաշվի առնել սովորողների օրգանիզմի վրա վարժությունների բազմակողմանի ներգործության պահանջները:

 Աթլետիկական վարժությունների ուսումնական նյութը հիմնականում պլանավորվում է աշնան և գարնան վերջում, երբ բնակլիմայական պայմանները հնարավորություն են ընձեռում դասերը անցկացնել բացօթյա, ընդ որում, դրանք հիմնականում ուսուցանվում են աշնանը, իսկ գարնանը կրկնվում և ամրապնդվում են:

 Մարմնամարզական վարժությունների ուսումնական նյութը հիմնականում պլանավորվում է աշնան և ձմռան ամիսներին, շարային և ընդհանուր զարգացնող վարժություններն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում:

 Մարզախաղեր (բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ) բաժնի ուսումնական նյութը նույնպես կարելի է պլանավորել ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

 Պլանավորումը հիմնվում է դասավանդողի մասնագիտական գործունեության արդյունքի վերլուծության հիմքում ստացված իրական եզրակացությունների վրա:

 Ֆիզիկական կուլտուրայի դասերի կանոնավոր վերլուծությունը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրել ֆիզիկական վարժությունների անհրաժեշտ բեռնվածությունը, ուսումնական նյութի արդյունավետ չափաբաժինը և մանկավարժական գործունեության կազմակերպման հաջորդականությունը:

 «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական նյութի պլանավորումը ուսուցման և դաստիարակության գործընթացի համակարգը ձևավորող փաստաթղթերի մեթոդապես հիմնավորված կազմումն է:

 

 Ներկայացնում ենք ուսումնական նյութի օրինակելի պլանավորման փաստաթղթերի նմուշօրինակը:

 

ԺԱՄԱՑԱՆՑ

N

Ծրագրի բաժիներ

Ժամերի

քանակը

Կիսամյակ

1-ին

2-րդ

1

Տեսական տեղեկություններ

6

3

3

2

Աթլետիկական վարժություններ

16

8

8

3

Մարմնամարզական վարժություններ

14

7

7

4

Մարզախաղեր /բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ/

24

12

12

5

Ընտրովի ուսումնական նյութ

8

4

4

6

Ընդամենը

68

34

34

 

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

Комментариев нет:

Отправить комментарий