суббота, 10 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 ՄՄՈՒՀ-ներում ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը համարվում է դասը, դասախոսի /ուսուցչի/ ղեկավարությամբ, կոնկրետ կուրսի, խմբի և սովորողների հետ:

 «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են տվյալ կուրսի ծրագրային ուսումնական նյութի պլանավորման համաձայն:

 Ֆիզիկական կուլտուրայի դասերը հիմնականում գործնական դասեր են:

 «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործնական դասերն ունեն եռամաս կառուցվածք.

1)ներգրավիչ մաս,

2)հիմնական մաս,

3)եզրափակիչ մաս:

 Դասի այս մասերից յուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրները և իրականացման միջոցները:

 Ներգրավիչ մասում վճռվում են սովորողներին կազմակերպելու և նրանց առաջիկա աշխատանքին նախապատրաստելու խնդիրները: Ներգրավիչ մասի տևողությունը 10-15 րոպե է: Այն հիմնականում օժանդակող դեր ունի և նախադրյալներ է ստեղծում հիմնական մասի ուսումնադաստիարակչական աշխատանքների համար:

 Դասի այս մասում ընտրված վարժությունները պետք է համապատասխանի հիմնական մասում առաջադրվող գործունեությունը:

 Ներգրավիչ մասի խնդիրներն են` աշխատանքի կազմակերպում, դասի խնդրի բացատրում, սովորողների նախապատրաստում առաջիկա ֆիզիկական բեռնվածությանը և վարժությունների կատարմանը:

 Ներգրավիչ մասի բովանդակության մեջ են մտնում տարբեր շարային վարժությունները` շարափոխումները, քայլքը, վազքը, ցատկերը, ընդհանուր զարգացնող վարժությունները, ինչպես նաև կեցվածքի ձևավորման, պարային շարժումների տարրերը և այլն:

 Հիմնական մասում, որի տևողությունը 25-30 րոպե է, վճռվում են կրթական և դաստիարակչական հիմնական խնդիրները:

 Դասի հիմնական մասի խնդիրներն են`

- նոր նյութի ուսուցում,

- անցած նյութի ամրապնդման նպատակով վարժությունների կրկնություն,

- շարժողական ընդունակությունների մշակում,

- շարժողական հմտությունների յուրացում:

 Հիմնական մասի բովանդակությունն է՝ պետական ծրագրով տվյալ կուրսի համար տրված մարմնամարզական, աթլետիկական տարբեր վարժությունների, մարզախաղերի /բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ/ ուսուցումն ու ամրապնդումը:

 Դասի հիմնական մասում անհրաժեշտ է, որ դասավանդողը ապահովի ֆիզիկական ծանրաբեռնվածության բարձր մակարդակ և, օգտագործելով բոլոր պայմանները, կարողանա հասնել ուսուցման և դաստիարակության գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Համեմատաբար բարդ խնդիրները՝ կապված նոր նյութի ուսուցման հետ, լուծվում են դասի հիմնական մասի սկզբում: Այս դեպքում հաշվի է առնվում ուսուցման փուլը և պահպանվում խնդրի առաջադրման հետևյալ հաջորդականությունը` ծանոթացում, ուսուցում, ամրակայում:

 Դասի հիմնական մասի արդյունավետությունը կապված է ուսուցչի տվյալ դասին նախապատրաստվելուց` դասի պլան, մարզագույքի նախապատրաստում, ուսուցման համապատասխան մեթոդների ընտրություն և այլն:

 Եզրափակիչ մասում վճռվում են դասը կազմակերպված ավարտելու, հիմնական մասում ստացած ֆիզիկական բեռնվածությունից հետո աշակերտների օրգանիզմը համեմատաբար հանգիստ վիճակի բերելու խնդիրները: Այս մասում ամփոփվում է դասը, գնահատվում սովորողների գործունեությունը, և առաջադրվում են տնային հանձնարարություններ: Եզրափակիչ մասի տևողությունը է 3-5 րոպե է:

 Ֆիզիկական կուլտուրայի դասերն ամբողջությամբ վերցրած նպատակաուղղված են նաև առողջարարական խնդիրներին` սովորողների առողջության ամրապնդմանը, նրանց օրգանիզմի ճիշտ և համաչափ զարգացմանը և կոփմանը:

 Ծրագրով նախատեսված են նաև տեսական դասեր ուսումնական նյութերի ուսուցման համար:

 Ծրագրային այս բաժնի ուսուցման ընթացքում, բացի ավանդական մեթոդներից, նպատակահարմար է կիրառել նաև համագործակցային, ինտերակտիվ մեթոդներ:

 Համագործակցային մեթոդներով անցկացվող դասն ունի հետևյալ կառուցվածքը.

1.Խթանման փուլ /5 րոպե/,

- սովորողների նախնական գիտելիքների պարզաբանում,

- ուղղորդող հարցեր, մտագրոհ:

2.Իմաստի ընկալման փուլ /20 րոպե/,

- ուսուցողական աջակցություն, սովորողի վերահսկող աշխատանք,

- սովորողների ինքնուրույն և խմբային աշխատանքներ,

- տարաբնույթ հետազոտական աշխատանքներ:

3. Կշռադատման փուլ /20 րոպե/,

- աշխատանքի արդյունքների ներկայացում,

- քննարկում և ամփոփում:

Գնահատում:

Հանձնարարություններ:

 Դասավանդողն իր աշխատանքում պետք է ճկուն կերպով օգտագործի դասի հանձնարարվող կառուցվածքը:

 Ելնելով կոնկրետ պայմաններից՝ դասի տարբեր մասերի տևողությունը կարող է լինել տարբեր:

 Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել տարբեր տիպի /նոր նյութի ուսուցման, ամրապնդման, խառը/ դասերի կառուցվածքին:

 Նոր նյութի ուսուցման դասերին հիմնական ժամանակը տրամադրվում է նոր շարժողական գործողությունների բացատրմանը, օրինակելի ցուցադրմանը և սովորողների կողմից դրանց կատարման փորձերին:

 Ամրակայման դասերի ժամանակ հիմնական նպատակը ուսուցանվող շարժողական գործողությունների կայունացումն է, ամրապնդումը:

 Խառը տիպի դասը, որտեղ միաժամանակ տեղի է ունենում նոր նյութի ուսուցում և անցած ուսումնական նյութի ամրակայում /կրկնողություն/, հարկավոր է ճիշտ որոշել, թե ծրագրից ֆիզիկական վարժությունների որ տեսակները կարող են զուգակցվել մեկ դասի կառուցվածքի մեջ: Այս դեպքում կարևոր է նկատի ունենալ նոր ուսուցանվող նյութի առանձնահատկությունները:

 «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման գործընթացում կարևոր է նաև այն, որ դասավանդողը կարողանա պատկերացնել յուրաքանչյուր դասի կապը նախորդ և հաջորդ թեմաների հետ, մի ուսումնական կիսամյակի դասերի կապը մյուսի հետ:


Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014