пятница, 23 июля 2021 г.

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 Հոգնածությունը մարդու աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակն է, որն առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշվում է աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ: 

 Սովորաբար կարճատև լարված աշխատանքից հետո հոգնածությունը արագ է անցնում, իսկ տևական աշխատանքից հետո` ավելի դանդաղ և աստիճանաբար: 

 Ընդհանրապես մարդկանց մոտ հոգնածության զարգացումն ու ընթացքը պայմանավորված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքով: Ֆիզիկական աշխատանքի ժամանակ աշխատող մկանախմբերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխություններ, որոնց հետևանքով առաջանում է ջերմային էներգիա, որի մի մասը վերածվելով մեխանիկականի, մարդը կատարում է այս կամ այն աշխատանքը: 

 Բացի այդ, միաժամանակ նյութափոխանակության ժամանակ որոշ չափով պակասում են օրգանիզմի համար անհրաժեշտ հիմնական սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), էներգիայի այլ պաշարները (վիտամիններ, հորմոններ և այլն), ինչպես նաև առաջանում են այրման և թերայրման արգասիքներ: Հենց դրանցով էլ պայմանավորվում է հոգնածության առաջացումը: 

 Ֆիզիկական աշխատանքին մասնակցում են նաև մարդու շնչառական, սրտանոթային և նյարդային համակարգերը: 

 Հոգնածության աստիճանի մասին որոշում են հոգնածության արտաքին օբյեկտիվ ցուցանիշների արտահայտվածությամբ և ինքնազգացողությամբ: Փոքր հոգնածության ցուցանիշներն են` մաշկի թեթևակի կարմրելը, աննշան քրտնարտադրությունը, շնչառության թեթևակի հաճախությունը, աշխույժ շարժումները, առաջադրանքի հստակ կատարումը և նորմալ զգացողությունը: Միջին հոգնածության ժամանակ մաշկը նկատելի կարմրում է, դեմքի արտահայտությունը լարվում է, նկատելի է դեմքի մեծ քրտնարտադրություն, շնչառության հաճախացում, անվստահ շարժումներ, խոր ներշնչում և արտաշնչում, առաջադրանքի ոչ վստահ կատարում, իսկ ինքնազգացողությունում` նկատելի է ցավ մկաններում, սրտխփոց, հոգնածություն: 

 Մեծ /անթույլատրելի/ կամ գերհոգնածության ժամանակ մարդու դեմքը կարմրում է կամ գունաթափվում, առաջանում է ընդհանուր կտրուկ քրտնարտադրություն, շնչառության հաճախացում, դող վերջույթներում, երբեմն էլ ուշագնացություն, իսկ ինքնազգացողությունը լինում է` գլխապտույտ, աղմուկ ականջներում, սրտխառնություն, անհամաձայնեցված շարժումներ և այլն: 

 Սովորողները պետք է տեղեկանան, որ հոգնածությունը ֆիզիկական բեռնվածության պարտադիր ուղեկիցն է, քանի որ առանց հոգնածության հնարավոր չէ օրգանիզմի դիմացկունության բարելավումը, ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացումը: Բացի այդ, հոգնածության զգացումն օրգանիզմն ապահովում է գերլարվածությունից, այսինքն՝ այն ունի պաշտպանողական դեր, արգելակում է էներգետիկ պաշարների և նյարդային համակարգի հյուծվելը: 

 Հոգնածությունը և գերհոգնածությունը կարող են լինել ոչ միայն չափից ավելի ֆիզիկական և մտավոր բեռնվածության, այլև  ոչ ճիշտ ապրելակերպի, անքնության հետևանք: 

 Գերհոգնածությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կանխել հոգնածության լուրջ խորացումը, ֆիզիկական վարժությունները կատարել երկարատև, ցածր բեռնվածությամբ, օգտագործել վերականգնման միջոցներ, կազմակերպել լիարժեք հանգիստ: Գերհոգնածության կանխման միջոցներից են նաև ֆիզիկական բեռնվածության, մտավոր աշխատանքի ու հանգստի արդյունավետ ռեժիմի պահպանումը:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականությունը հիմնավորվում է ընդհանուր ֆիզիկական պատրաստականությամբ և լուծում է հատուկ խնդիրներ` կապված սովորողների մասնագիտական աշխատանքային գործունեության պրոֆիլին համապատասխան պատրաստականության հետ:

 Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականության խնդիրն է՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցների օգտագործումը նպատակաուղղելու սովորողների մասնագիտական պրոֆեսիոնալ գործունեությանը: Այն իրականացվում է ուսուցման ամբողջ ժամանակահատվածում և պրակտիկայի ժամանակ:

 Այդ ընթացքում օգտագործվում են ֆիզիկական դաստիարակության համալիր միջոցառումները` ֆիզիկական կուլտուրայի տեսական և գործնական բաժինները, ֆիզիկական տարբեր վարժությունները և մարզաձևերը, որոնք հատուկ են և անհրաժեշտ տվյալ մասնագիտության մասնագետի անձնական որակներին:

 Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականության խնդիրներն են.

Մասնագիտական կարևոր ֆիզիկական որակների և շարժողական ընդունակությունների զարգացումը:

Մասնագիտության պրոֆիլին (ձևին) համապատասխան անհրաժեշտ օրգանիզմի հոգեբանական, ֆիզիոլոգիական ֆունկցիաների կատարելագործում:

Մասնագիտության աշխատանքային անբարենպաստ պայմանների ներգործության կանխարգելում` աշխատանքային հարկադրված դիրք, օդի բարձր և ցածր ջերմաստիճան և այլն:

 Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստության հիմնական ձևերն են` 

- ֆիզիկական կուլտուրայի դասերը,

- առավոտյան մարմնամարզությունը,

- արտադրական մարմնամարզությունը,

- արտաուսումնական պարապմունքները (խմբակներ, մրցումներ) և ինքնուրույն պարապմունքները:

 Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականության միջոցներն են`

Քայլքի, վազքի և ցատկերի տարտեսակները:

Վարժությունները առարկաներով` գնդակ, օղեր, մարզափայտեր, ցատկապարաններ, գուրզեր, լցրած գնդակներ, կցագնդեր և այլն:

Վարժություններ մարզանստարանի, մարզապատի, մարզագերանի, մարմնամարզական այծիկի, պտտաձողի վրա:

Վարժություններ մարզասարքերի (տրենաժորներ) վրա:

Մարզախաղերը` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ:

Ըմբշամարտը:

Սեղանի թենիսը:

Դահուկային պատրաստություն:

Լողը:

 Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականությունը պահանջում է աշխատանքի ճիշտ պլանավորում, հաշվառում, սովորողների սիստեմատիկ ստուգումներ: 

 Այն իրագործում է ֆիզիկական կուլտուրայի դասավանդող ուսուցիչը /ֆիզղեկը/ դիտարկումների, զրույցների և ստուգողական նորմատիվների կատարման միջոցով:

 Այն մասնագիտություններին, որոնց առաջադրվող պահանջներն են` ընդհանուր դիմացկունության, շարժումների ճշգրտության, ձեռքերի մատների համակցման, շոշափողական զգայունակության, ուշադրության կենտրոնացման, ռեակցիայի արագության զարգացումը, որպես մասնագիտական կիրառական ֆիզիկան պատրաստականության միջոցներ կարող են օգտագործել հետևյալ վարժությունները. 

- վազքերը,

- ցատկերը,

- նետումները նշանակետին,

- ընդհանուր զարգացնող վարժությունները,

- բասկետբոլը, վոլեյբոլը, հանդբոլը,

- սեղանի թենիսը և այլն:

 Այն մասնագիտություններին, որոնց առաջադրվող պահանջներն են` ձեռքերի և ոտքերի շարժումների համակցման, ընդհանուր դիմացկության, ձեռքերի և ուսագոտու ստատիկ դիմացկունության, ուշադրությունը փոխարկելու, ռեակցիայի արագության զարգացումը, որպես ՄԿՖՊ միջոցներ կարող են օգտագործվել`

- բարձր և ցածր մեկնարկով վազքերը և արագացումները ազդա-

նշանով, 

- փոքր և լցված գնդակներով վարժությունները,

- մարմնամարզական վարժություները,

- բասկետբոլը, վոլեյբոլը և այլն:

 Այն մասնագիտությունները, որոնց առաջադրվող պահանջներն են մկանային ուժի և դիմացկունության զարգացումը, մագլցելու և սահմանափակ մակերեսի վրա հավասարակշռությունը պահպանելու, ճարպկության, ճկունության զարգացումը, որպես ՄԿՖՊ միջոցներ կարող են օգտագործել` 

- մագլցման (մարզապատի, պարանի վրա) վարժությունները,

- ակրոբատիկական վարժությունները,

- հավասարակշռության պահպանման վարժությունները,

- ծանրություններով և դիմադրության վարժություները,

- ցատկերը,

- ջրացատկը և այլն:

 Այն մասնագիտությունները, որոնց համար կարևորվում են ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը, ընդհանուր մասնագիտական դիմացկունությունը, կազմակերպչական ունակությունները, վճռականությունը, համառությունը, ինքնատիրապետումը, համագործակցելու կարողությունները և այլն, որպես ՄԿՖՊ միջոցներ կարող են օգտագործվել մարմնամարզական, աթլետիկական վարժությունները, հատկապես մարզախաղերը և այլ վարժություններ:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014