пятница, 23 июля 2021 г.

ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 Ֆիզիկական կուլտուրայի դասերին և ֆիզիկական վարժություններով պարապմունքներին անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել սովորողների օրգանիզմի համար նպաստավոր բեռնվածություն: 

 Ֆիզիկական կուլտուրայի դասերի և պարապմունքների բեռնվածության վերահսկման ամենամատչելի և պարզ ձևը, պարապողների արտաքին վիճակի դիտումն է: 

 Դիտման միջոցով ուսուցիչը սովորողների ֆիզիկական բեռնվածությունը վերահսկում է հոգնածության արտաքին ցուցանիշներով` մաշկի կարմրում, մեծ քրտնարտադրություն, շնչառության հաճախություն, շարժումների անհամաձայնեցվածություն, դող, գլխապտույտ, հոգնածություն և այլն:

 Մաշկի թեթևակի կարմրումը, չնչին չափով քրտնումը, արագացված հավասար շնչառությունը, առաջադրանքների հստակ կատարումը և գանգատների բացակայությունը վկայում են ոչ շատ հոգնածության մասին, ինչպիսին պետք է լինի ֆիզիկական կուլտուրայի դասը: 

 Միջին աստիճանի հոգնածությանը բնորոշ են մաշկի նկատելի կարմրությունը, դեմքի արտահայտված լարվածությունը, մեծ քրտնարտադրությունը, պարբերաբար խոր շնչումով և արտաշնչումով շնչառության մեծ արագացումը, շարժումների համաչափության խախտումը, հոգնածության գանգատները, ցավեր մկաններում: 

 Գերհոգնածությանը բնորոշ են մաշկի կտրուկ կարմրումը կամ գունատությունը և կապտումը, մեծ քրտնարտադրությունը` մաշկին աղերի հայտնվելը, կտրուկ արագացված, մակերեսային, առիթմիկ շնչառությունը, վերջույթների դողը, ականջներում աղմուկի առաջանալը, շարժումների ներդաշնակության խախտումները, սրտխառնությունը, երբեմն նաև փսխումը: Հետևաբար ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը դասերի ընթացքում պարտավոր է հստակորեն կարգավորել բեռնվածությունը, թույլ չտալ գերհոգնածության առաջացմանը:

 Ֆիզիկական վարժություններով պարապմունքների և դասերի բեռնվածությունը հիմնականում չափավորվում է վարժությունների քանակը փոփոխելով, կրկնման տարբեր պայմաններով, վարժությունների կատարման ժամանակն ավելացնելով և պակասեցնելով, կատարման տարբեր տեմպով, վարժությունների պարզեցմամբ և բարդացմամբ և այլն: Բեռնվածությունը չափավորվում է ոչ միայն ֆիզիկական վարժություններով, այստեղ մեծ նշանակություն ունի նաև բացատրումը, վարժությունների ցուցադրումը, սովորողների գործունեության կազմակերպումը: 

 Ակնհայտ է, որ ֆիզիկական վարժություններով պարապմունքները ներգործում են օրգանիզմի վրա` նպաստում են առողջության ամրապնդմանը, նրա կոփմանը, ներդաշնակ զարգացմանը և այլն: Հետևաբար, ֆիզիկական վարժություններով պարապող յուրաքանչյուր սովորող պետք է իմանա ինքնավերահսկման ձևերը: 

 Ինքնավերահսկողություն ասելով հասկանում ենք ֆիզիկական կուլտուրայի սիստեմատիկ պարապմունքների ընթացքում պարապողների դիտումներն ու ինքնավերահսկումը իրենց առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, շարժողական հնարավորությունների փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց ազդեցությունը սիրտանոթային, շնչառական համակարգերի, արյան շրջանառության և այլ օրգանների վրա: 

 Սովորողներին պետք է տեղեկացնել, որ ֆիզիկական վարժություններով պարապմունքները նրանց օրգանիզմի վրա կարող են ունենալ դրական, ինչպես նաև բացասական ներգործություն:

 Ինքնավերահսկողությունն անհրաժեշտ է սեփական օրգանիզմի վրա պարապմունքների ներգործությանը համապատասխան գործողությունների կանոնակարգման համար: Ինքնավերահսկումն ամրակայում է ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների գիտելիքներն օրգանիզմի առանձին համակարգերի մասին, ինչպես նաև ֆիզիկական բեռնվածության՝ օրգանիզմում առաջացնող փոփոխությունների մասին և այլն: 

 Այն օգնում է սովորողներին և ուսուցչին ճիշտ պլանավորել պարապմունքները և կանխարգելել գերմարզվածությունը:

 Ինքնուրույն ֆիզիկական վարժություններով պարապելիս անհրաժեշտ է առաջին հերթին հետևել ինքնազգացողությանը: Այդ առումով նպատակահարմար է ունենալ ինքնավերահսկման օրագիր: 

 Գոյություն ունեն ինքնավերահսկման մի քանի ձևեր: Դրանք են՝

- յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում,

- պարապմունքների որոշակի ժամանակաշրջանում` մի քանի շաբաթ, մի քանի ամիս և այլն: 

 Ինչպես նշեցինք, ինքնավերահսկումը ինքնադիտման եղանակ է, որն ընդգրկում է մի շարք պարզ ու մատչելի ստուգումներ: 

 Ներկայացնում ենք մի քանի ցուցանիշների նկարագրություն, որոնք ինքնավերահսկման ժամանակ պետք է հաշվի առնեն ֆիզիկական վարժություններով պարապողները: 

 Ինքնազգացումը մարդու օրգանիզմի վրա ֆիզիկական կուլտուրայի ազդեցության ամենակարևոր ցուցանիշն է: Ընդհանրապես, ճիշտ և սիստեմատիկ պարապմունքի, մարզման դեպքում սովորողի ինքնազգացումը լինում է լավ, նա առույգ է, կենսուրախ և ունի բարձր աշխատունակություն: 

 Ինքնազգացումը կարող է լինել լավ, բավարար և անբավարար: Սովորողների վատ ինքնազգացման պատճառ կարող են լինել պարապմունքների կամ մրցումների ժամանակ չափից ավելի մեծ բեռնվածությունը, առողջական վիճակը և այլն: Անբավարար ինքնազգացման դեպքում առաջանում են նկատելի թուլություն, գլխապտույտ, գլխացավ, ուժերի անկում: Եթե վատ ինքնազգացումը շարունակում է երկար տևել, ապա կարող է նկատվել առողջական վիճակի վատացման նշաններ, հետևաբար, պետք է դադարեցնել պարապմունքները և դիմել բժշկի: 

 Քունը: Քնելու ընթացքում մարդը հանգստանում է, և նրա ուժերը վերականգնվում են: Այն հատկապես մեծ նշանակություն ունի կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Բնականոն քունը տեղի է ունենում արագ ձևով, լինում է խոր, առանց հուզող երազների: Որքան մեծ է օրվա ուսումնական գործունեությունը և պարապմունքների կամ մրցումների լարվածությունը, ապա պետք է ավելի լիարժեք լինի գիշերային քունը: Եթե սովորողն ունենում է սիստեմատիկ անքնություն, հաճախակի արթնանում է, քնից հետո առույգ չէ, ապա դրանք կարող են պատճառ դառնալ նյարդային համակարգի գերհոգնածության, հյուծվածության, գերմարզման հետևանքով առաջացող վնասվածքի: 

 Ախորժակն օրգանիզմի վիճակի ամենանուրբ ցուցանիշն է: Առողջական վիճակի ամենափոքրիկ շեղումն իսկույն ազդում է ախորժակի վրա: Առողջ սովորողն ունենում է լավ ախորժակ: Ուսման և մարզումների ընթացքում առաջացած գերբեռնվածությունն ազդում է ախորժակի վրա, նա կորցնում է ախորժակը: Ախորժակի կորուստը կարող է առաջանալ հիվանդության կամ մեծ բեռնվածության, գերմարզման պատճառով:

 Զարկերի հաճախություն: Ինքնավերահսկման ամենամատչելի և ամենատարածված ձևը զարկերի հաճախության` պուլսի հետազոտումն է: Զարկերի հաճախությամբ (պուլսով) կարելի է որոշել ֆիզիկական բեռնվածության աստիճանը`

- ցածր բեռնվածությունը 130-135 զարկ 1 րոպեում,

- միջին բեռնվածությունը 135-160 զարկ 1 րոպեում,

- բարձր բեռնվածությունը 180 զարկից ավելի 1 րոպեում,

 Ինչքան սովորողը առողջ և մարզված է լինում, այնքան նրա մոտ արագ է կատարվում զարկերի հաճախության վերականգնումը նախկին վիճակին: Եթե վարժություններ կատարելուց հետո զարկերակը 3 րո-պեում չի վերականգնվում, ապա անհրաժեշտ է ընդհատել պարապմունքները և դիմել բժշկի: 

 Քաշը: Ինքնավերահսկման ավել մատչելի միջոց է նաև մարմնի քաշին հետևելը: Օրգանիզմի աճման շրջանում քաշի ավելացումը բնական երևույթ է. այն վկայում է, որ սովորողը օրինաչափ, բավարար ֆիզիկական բեռնվածության մարզումներ է ունեցել: Քաշը կորցնելու պատճառ կարող են լինել պարապմունքների ժամանակ չափից մեծ բեռնվածությունը, անբավարար սնունդը, ռեժիմի կոպիտ խախտումները և հիվանդությունը: 

 Թոքերի կենսական տարողությումը: Այն չափվում է հատուկ սարքի` սպիրոմետրի միջոցով: Մարմնի մեկ կգ քաշին տղաներին բաժին է ընկնում 60, իսկ աղջիկներին` 59 սմ խորանարդ օդ: 

 Ինքնավերահսկման հիմնական կանոնների ու ձևերի ուսուցում ուսուցիչը պետք է իրականացնի ֆիզիկական կուլտուրայի դասերին:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий