пятница, 23 июля 2021 г.

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

 Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է: Առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է, այլև ֆիզիկական, հոգեկան և սոցիալական /կենսապահովման/ բարենպաստ վիճակներն են: 

 Կատարված ուսումնասիրությունները հաստատում են, որ ժամանակակից պայմաններում ավելացել են նյարդային համակարգի լարվածության, սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, ճարպակալումների և այլ հիվանդություններով տառապողների քանակը, որոնց հիմնական պատճառներից է քիչ շարժունակությունը (հիպոդինամիան) և մկանային գործունեության սահմանափակումը:

 Հետազոտությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ նման վտանգավոր իրավիճակից դուրս գալու ելքը մարդու առողջ ապրելակերպն է: 

 Առողջ ապրելակերպի հիմնական իմաստն այն է, որ ոչինչ չպետք է խանգարի օրգանիզմի բնականոն զարգացման ընթացքին: Իսկ առողջ ապրելակերպը պետք է նպաստի նրա ճիշտ աճին և զարգացմանը:

 Առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչնեն են` 

- Անձնական հիգիենան,

- Ռացիոնալ սնունդը,

- Արդյունավետ շարժողական ռեժիմը,

- Օրգանիզմի կոփումը,

- Վնասակար սովորույթներից հրաժարվելը:

 Անձնական հիգիենա հասկացությունն իր մեջ ներառում է`օրվա ռեժիմը, մարմնի (մաշկի, բերանի խոռոչի, ձեռքերի, մազերի ) խնամքը, սննդի ռեժիմը և հիգիենան, հագուստի հիգիենան: Անձնական հիգիենան իր մեջ ընդգրկում է նաև օրվա ռեժիմի պահպանումը, մտավոր և ֆիզիկական աշխատանքի ճիշտ հերթագայումը և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելը:

 Հիգիենայի կանոնների պահպանումը նպաստում է ոչ միայն առողջության ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, այլև անձի աշխատունակության բարձրացմանը: 

 Կարևոր է հատկապես հետևել մարմնի հիգիենային` մաշկի, բերանի խոռոչի, ձեռքերի, մազերի խնամքին: 

 Անհրաժեշտ է առնվազն շաբաթը մեկ անգամ լողանալ տաք ջրով և օճառով: 

 Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է ռացիոնալ և ճիշտ սնվելը: Սնունդը խիստ անհրաժեշտ է մարդկանց համար: Այն անհրաժեշտ է օրգանիզմի աճող հյուրսվածքները կազմավորելու, կենսագործունեությունը ապահովելու, ծախսված էներգիան լրացնելու, ինչպես նաև կենսագործունեության ընթացքում քայքայված հյուսվածքները վերականգնվելու համար: 

 Ռացիոնալ սնունդը, մարդու կյանքի և առողջության պահպանման կարևոր պայմաններից է:

 Ռացիոնալ է համարվում բալանսավորված, հավասարակշռված և ռեժիմով սնունդը: Շատ կարևոր է նաև սննդի չափավորումը, որովհետև չափից ավելի սնունդ ընդունելը խախտում է օրգանիզմի նյութափոխանակությունը և առաջացնում է ճարպակալություն:

 Բալանսավորված սնունդն օրգանիզմի օպտիմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բավարար քանակի սննդանյութեր` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդն է:

 Պետք է օրական սնվել 4-5 անգամ, ռեժիմով և ճիշտ սննդակարգով: 

 Առողջ ապրելակերպի բաղադրիչներից է արդյունավետ շարժողական ռեժիմը, որն իր մեջ ներառում է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով սիստեմատիկ զբաղվելը, ակտիվ և պասիվ հանգստի ճիշտ բաշխումը:

 Արդյունավետ շարժողական ռեժիմը պետք է հանդիսանա դպրոցականների օրվա ռեժիմի պարտադիր բաղադրիչ մասը: 

 Շարժումը մարդու համար ֆիզիոլոգիական պահանջ է, դրանով է պայմանավորված նրանց ներդաշնակ ֆիզիկական զարգացումը, տրամադրությունը, մտավոր աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև սիրտանոթային, նյարդային, շնչառական և այլ համակարգերի զարգացումը: 

 Ֆիզիկական վարժությունների միջոցով ուժեղանում են մկանները, մեծանում է թոքերի կենսական տարողությունը, բարելավվում է օրգանիզմի դիմադրողականությունը արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների հանդեպ: Այսինքն՝ ֆիզիկական վարժություններով կանոնակարգված պարապելը անհրաժեշտ են օրգանիզմի բոլոր համակարգերի զարգացման համար:

 Առողջ ապրելակերպի բաղադրիչներից է նաև օրգանիզմի կոփումը: Կոփման միջոցով բարձրանում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը: Կոփված մարդիկ քիչ են հիվանդանում, իսկ հիվանդությունը թեթև են տանում և շուտ կազդուրվում:

 Կոփման հիմնական միջոցներ են հանդիսանում ջուրը, օդը և արևը:

 Կոփված մարդիկ ունենում են ֆիզիկական բավարար զարգացում, լինում են առույգ և կենսուրախ: 

 Օդային կոփման լավագույն ձևը` բացօթյա կատարվող առավոտյան հիգիենիկ մարմնամարզությունը, տանը կատարվող ֆիզկուլտդադարները, խաղերը, ֆիզիկական վարժությունները, զբոսանքները, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի դասերն ու պարապմունքներն են: 

 Արևային արարողություններն ընդունելու օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 8- 11- ընկած ժամանակում, սնվելուց 1,5-2 ժամ առաջ կամ հետո:

 Ջրային արարողությունները կոփման ամենալավագույն միջոցներից են: Դրանց մեջ մտնում են ջրաշփումը, ոտքերի լվացումը սառը ջրով, մինչև գոտկատեղը լվացվելը և լողը: 

 Առողջ ապրելակերպի բաղադրիչներից է նաև վնասակար սովորույթներից հրաժարվելը: Վնասակար սովորություններից են ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի և հոգեմետ այլ նյութերի օգտագործումը, ինչը բացասական ազդեցության է ունենում մարդու առողջության վրա և կապված է շատ վտանգների հետ: 

 Ծխախոտի ծուխն իր մեջ պարունակում է նիկոտին կոչվող նյութը, ինչպես նաև այլ վտանգավոր նյութեր, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ` սրտանոթային, աղեստամոքսային հիվանդություններ, քաղցկեղ և այլն: Ծխախոտի մեջ պարունակող վնասակար նյութերը թափանցելով թոքերը, առաջացնում են հազ, թոքային հյուսվածքների փոփոխություն և շնչառական օրգանների տարբեր հիվանդություններ: Ծխելու հետևանքով առաջանում է նաև կախվածություն նիկոտինից: 

 Ալկոհոլն իրենից ներկայացնում է հզոր հոգեներգործուն նյութ, որը կարող է առաջացնել տարբեր հետևանքներ և կախվածություն: 

 Ալկոհոլը ներծծվում է ստամոքսում և արյան միջոցով թափանցում ուղեղ: Դեռահասների օրգանիզմում ալկոհոլի օգտագործումից տուժում են նյարդային և մարսողական համակարգերը, սիրտը, տեսողությունը, հատկապես` լյարդը, վահանաձև գեղձը, երիկամները: Ալկոհոլի փոքր քանակությունն անգամ առաջացնում է մարդու ուշադրության թուլացում, որը կարող է դառնալ տարբեր դժբախտ պատահարների, այդ թվում նաև ավտովթարների պատճառ: Մեծ քանակի ալկոհոլի օգտագործումն ընկճում է ուղեղի կարգավորող գործունեությունը, և մարդը դառնում է քնկոտ, շարժումները` անկառավարելի, ուշադրությունը` ցրված: Նման իրավիճակում մարդը կորցնում է ինքնակառավարումը, նրա մոտ կարող է առաջանալ ագրեսիվություն, կռվարարություն: Չափազանց մեծ քանակով ալկոհոլի ընդունումն առաջացնում է գիտակցության խոր ընկճվածություն` կոմա, որը կարող է ուղեկցվել նաև շնչառության կանգով և ունենալ մահացու վտանգ: 

 Թմրամիջոցների / մարիխուանա, հաշիշ, հերոին, կոկաին և այլն/ և հոգեմետ նյութերի օգտագործումը ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում հոգեկան գործունեության փոփոխություն` փոխելով մարդու տրամադրությունը, ֆիզիկական վիճակը, ինքնազգացողությունը, վարքագիծը:

 Այս նյութերի պարբերաբար օգտագործումը առաջացնում է հոգեկան և ֆիզիկական կախվածություն: 

 Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որը պայմանավորված է թմրամիջոցների պարբերաբար օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական կախվածությամբ :

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий