пятница, 23 июля 2021 г.

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

 Հին Հունաստանում կայացած Օլիմպիական խաղերի ողջ պատմությունը, խաղերի մարզական և մշակութային ծրագրերը, անցկացման արարողակարգը, օլիմպիական այլ ծեսեր հետաքրքրեցին շատ գիտնականների (Մ. Պալմիերի, Հ.Սաքս, Ի. Մերկուրիալիս, Պ. Ֆաբեր և այլն), որոնք կատարեցին ուսումնասիրություններ՝ նմանատիպ նոր մարզական մրցումներ կազմակերպելու նպատակով: 

 Հին հունական օլիմպիական խաղերը վերականգնելու և ժամանակակից օլիմպիական խողեր կազմակերպելու գործում մեծ դեր է խաղացել ֆրանսիացի գիտնական, հասարակական գործիչ, բարոն Պիեռ դե Կուբեռտենը: Նրա նախաձեռնությամբ 1894 -ին հրավիրվեց միջազգային մարզական կոնգրես, որտեղ մասնակցեցին 30 երկրների ներկայացուցիչներ: Կոնգրեսը որոշում կայացրեց օլիմպիական խաղերը վերականգնելու և Միջազգային Օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) ստեղծելու մասին: ՄՕԿ-ի առաջին պրեզիդենտ ընտրվեց հույն հայտնի բանաստեղծ Դեմիտրիուս Վիկելասը, իսկ գլխավոր քարտուղար` Պիեռ դե Կուբեռտենը: Կոնգրեսը որոշում ընդունեց, սկսած 1896 թվականից, յուրաքանչյուր 4 տարին մեկ անցկացնել օլիմպիական խաղեր, աշխարհի բոլոր ժողովուրդների մասնակցությամբ: Հին հունական օլիմպիական խաղերի պատվին` որոշվեց մեր ժամանակների առաջին օլիմպիական խաղերն անցկացնել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 

 ՄՕԿ-ի կողմից մշակվեց օլիմպիական շարժման հիմնադրույթները, գաղափարները: Այդ փաստաթղթում նշվում է, որ սպորտը պետք է ծառայի մարդկային ամենավեհ զգացմունքների առաջացմանը, աշխարհում խաղաղության և համերաշխության ամրապնդմանը: 

 Առաջին օլիմպիական խաղերը տեղի ունեցավ 1896 թվականին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, որտեղ մասնակցեցին 13 երկրների մարզիկներ, մրցելով 9 մարզաձևերից: 

 Առաջին օլիմպիական չեմպիոնը դարձավ ամերիկացի եռացատկորդ Ջեյմս Քոնոլինը: 

 Սկսած 1896 թվականից, 4 տարին մեկ անգամ անցկացվում են օլիմպիական խաղեր: 

 Ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են ԵՎրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում` Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Մեխիկո, Տոկիո, Մոսկվա, Պեկին և այլն: 

 2008թ. 29-րդ օլիմպիական խաղերը կայացան Չինաստանի Պեկին քաղաքում։ Հաջորդ` 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը /2012թ./ կայացան Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։

 Սկզբնական շրջանում օլիմպիական խաղերը անցկացվում էին միայն ամռան ամիսներին, և այդտեղ ձմեռային մարզաձևերից մրցումների անցկացումը անհնարին էր։ Այդ պատճառով ՄՕԿ-ը 1923 թ. 8-րդ օլիմպիական կոնգրեսում որոշում ընդունեց ձմեռային օլիմպիական խաղեր կազմակերպելու և այն Շամոնի քաղաքում անցկացնելու վերաբերյալ։

 Ձմեռային առաջին օլիմպիական խաղերն անցկացվեցին ֆրանսիայի Շամոնի քաղաքում 1924 թ.։ Այնուհետև 4 տարին մեկ անգամ անցկացվում են ձմեռային օլիմպիական խաղեր, որոնք անցկացվում էին սկզբում 5-6 մարզաձևերից, այժմ արդեն` 14 մարզաձևերից։ 

 Ձմեռային օլիմպիական մարզաձևերից են` դահուկավազքը, չմշկասահքը, լեռնադահուկային սպորտը, բիաթլոնը, տափողակով հոկեյը, դահուկացատկը, գեղասահքը, ոլորասահքը, ղեկասահնակների մրցույթը և այլն։ 

 Ձմեռային օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում, Գրիգոր Մկրտչյանն առաջին հայազգի մարզիկն է, որ հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա 1956 թվականին Իտալիայի Կորտինա Դը Ամպեցցո քաղաքում կայացած ձմեռային 7- րդ օլիմպիական խաղերում, Խորհրդային Միության տափողակով հոկեյի հավաքական թիմի կազմում, որի դարպասապահն էր, նվաճեց օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալը։ 

 Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվել են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում` Օսլո, Ինսբրուկ, Գրենոբլ, Սապպորո, Քալգարի, Նագանո, Թուրին և այլն։ 

 1994-ին, Լիլիհամեր քաղաքում կայացած 17–րդ ձնեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել առանձին թիմով։ 2014 թվականին Ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվեցին ՌԴ Սոչի քաղաքում։ 

 Հայաստանի մարզիկները մինչև 1952 թվականը չէին մասնակցում օլիմպիական խաղերին, քանի որ գտնվում էին ԽՍՀՄի կազմում, որը ՄՕԿ-ի անդամ չէր և չէր մասնակցում օլիմպիական խաղերին։ ԽՍՀՄ-ը առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցել է 1952 թվականին։ 

 1952-ին Հելսինկիում կայացած 15-րդ օլիմպիական խաղերին ԽՍՀՄ- ի պատվիրակության կազմում առաջին անգամ մասնակցեցին Հայաստանի 2 մարզիկներ` Հրանտ Շահինյանը և Իգոր Նովիկովը։

 Հրանտ Շահինյանը Հայաստանի առաջին մարզիկն էր, որը 1952 թ-ին 15-րդ օլիմպիական խաղերում նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը մարմնամարզությունից։

 1956 թ-ին 16-րդ օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը նվաճեց 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ և դարձավ օլիմպիական չեմպիոն։

 Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել նաև Իգոր Նովիկովը /ժամանակակից հնգամարտ/, Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը / ծանրամարտ/, Լևոն Ջուլֆալակյանը, Մնացական Իսկանդարյանը, Արմեն Նազարյանը /ըմբշամարտ/, Վլադիմիր Ենգիբարյանը /բռնցքամարտ/, Էդվարդ Ազարյանը /մարմանմարզություն/, Ֆաինա Մելնիկը /աթլետիկա/, Հրաչյա Պետիկյանը /հրաձգություն/։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ են դարձել Էդուարդ Միքայելյանը /մարմ-նամարզություն/, Վարդան Միլիտոսյանը /ծանրամարտ/, Աշոտ Կարագյանը /սուսերամարտ/, Սիլվա Էմիրզյանը /ջրացատկ/, Յուրա Սարգսյանը /ծանրամարտ/, Ստեփան Սարգսյանը, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, Արմեն Մկրտչյանը /ըմբշամարտ/։

 Օլիմպիական խաղերում 1952-2008 թթ. Հայաստանի 134 մարզիկներ են մասնակցել օլիմպիական խաղերին։ Նրանցից 35-ը նվաճել են 45 օլիմպիական մեդալ, այդ թվում 13 մարզիկներ ստացել են 17 ոսկե մեդալ, 8-ը` 14 արծաթե մեդալ և 14-ը` 15 բրոնզե մեդալ։

 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններից է ՄՕԿ-ի կողմից այն երկրի ազգային օլիմպիական կոմիտեի ճանաչումը, որը ներկայացնում է մարզիկը կամ թիմը։

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն /ՀԱՕԿ/ միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել է, իսկ 1992 -ին դարձել է ՄՕԿ-ի անդամ։ 

 Հայաստանի մարզիկները ԽՍՀՄ-ի և ԱՊՀ-ի հավաքականների կազմում մասնակցել են 15-ից 25-րդ օլիմպիական խաղերին։ Սկսած 26-րդ ամառային /1992թ./ և 17-րդ ձմեռային /1994թ/ օլիմպիական խաղերից Հայաստանի հանրապետությունը հանդես է գալիս ինքնուրույն։

 Պեկինում 2008թվականին կայացած 29-րդ օլիմպիական խաղերում, Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին 25 մարզիկներ, որոնցից 6 մարզիկներ նվաճեցին բրոնզե մեդալներ։ 

 Օլիմպիական շարժման և օլիմպիական խաղերի հիմնական նպատակները, սկզբունքները, խաղերի կազմակերպման և անցկացման օրենքներն ու կանոնները սահմանվում են ՄՕԿ-ի կողմից ընդունված օլիմպիական հրովարտակով։ 

 Օլիմպիական խաղերը տեղի են ունենում որոշակի արարողակարգով`

- օլիմպական խաղերի բացում և փակում,

- օրհներգի հնչեցում և դրոշի բարձրացում,

- օլիմպիական կրակի /ջահի/ փոխանցում, վառում և մարում,

- մարզիկների պարգևատրումը և այլն։

 Ժամանակակից օլիմպիական խաղերում բարձրացվում է օլիմպիական դրոշը, որի վրա պատկերված են միահյուսված հինգ օղակներ, որոնք օլիմպիական խաղերի խորհրդանիշն են։ Օղակները դասավորած են որոշակի գունային երանգներով` կապույտ, սև, կարմիր օղակները տեղադրված են վերևում, իսկ դեղինը և կանաչը` ներքևում։ Ամեն օղակ ունի իր գույնը և խորհրդանշում է մեկ աշխարհամաս. կապույտը` Եվրոպան, սևը` Աֆրիկան, կարմիրը` Ամերիկան, դեղինը` Ասիան, կանաչը` Ավստրալիան։ Օղակները խորհրդանշում են 5 մայրցամաքների միությունը և օլիմպիական խաղերին աշխարհի բոլոր մարզիկների միասնությունը։

 Օլիմպիական դրոշն իրենից ներկայացնում է սպիտակ կտավ, որի կենտրոնում տեղադրված է օլիմպիական խորհրդանիշը 5 գույներով։

 Օլիմպիական օրհներգը հաստատվել է ՄՕԿ-ի կողմից 55-րդ նստաշրջանում` Տոկիոում։

 Օլիմպիական էմբլեման մի կոմպոզիցիա է, որտեղ օլիմպիական օղակները կապված են այլ երկրների տարբերանշանների հետ։ Օլիմպիական էմբլեման հաստատում է ՄՕԿ-ը։

 Օլիմպական խաղերի գաղափարները` խաղաղություն, բարեկամություն, համերաշխություն, մոտ և հասկանալի են բարի կամքի մարդկանց։ 

 Օլիմպիական խաղերի նշանաբանն է` <<Արագ>>, «Բարձր>>, <<Ուժեղ>>։ 

 Այն արտացուլում է մարդու դարավոր ձգտումը ֆիզիկական կատարելության և առաջադիմության։ 

 Համաշխարհային մաշստաբի այս մարզական միջոցառմանը մասնակցում են մեր մոլորակի 5 աշխարհամասերի համարյա բոլոր երկրների մարզիկ-մարզուհիները: Ներկայումս ՄՕԿ-ի անդամ են 205 պետությունների ազգային օլիմպիական կոմիտեները: ՄՕԿ-ը միավորում է 52 մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ, որոնցից 34-ը օլիմպիական մարզաձևերից, և հանդիսանում է աշխարհի ամենախոշոր միջազգային կազմակերպությունը:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий