пятница, 23 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրան անցկացվում է ուսումնառության ամբողջ ընթացքում՝ հետևյալ ձևերով.

ֆիզկուլտուրայի ուսումնական դասեր,

ֆիզկուլտուրային առողջարարական միջոցառումներ ուսումնական օրվա ռեժիմում (առավոտյան մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադարներ, արտադրական կամ միջանկյալ մարմնամարզություն),

մարզական և ֆիզկուլտուրային մասսայական միջոցառումներ ուսումնական պարապմուքներից ազատ ժամանակ (մարզական խմբակներ, տուրիստական արշավներ, մրցումներ, մրցաշարեր և այլն),

առողջության օրեր:

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրայի ուղղությամբ տարվող ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը ֆիզկուլտուրայի դասն է, որտեղ իրականացվում է ծրագրային ուսումնական նյութի ուսուցում և ամրակայում:

 Ֆիզկուլտուրայի ուսումնական դասերը նշվում են բոլոր մասնագիտությունների գծով ուսումնական պլաններում, հիմնական և ֆակուլտատիվ դասերի դասացուցակում:

 Ֆիզկուլտուրայի դասերն իրականացնում են հաստատության ֆիզիկական դաստիարակության ղեկավարները և դասախոսները՝ ուսումնառության ամբողջ ընթացքում:

 <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ուսումնական նյութը բաժանվում է երկու մասի` հիմնական և ընտրովի:

 Ֆիզիկական կուլտուրայի ծրագրային հիմնական ուսումնական նյութերն իրենց մեջ ներառում են տեսական տեղեկություններ, մարմնամարզական վարժություններ, աթլետիկական վարժություներ, մարզախաղեր` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, հանդբոլ բաժիններով, որոնք պարտադիր անցնում են բոլոր միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունները:

 Ընտրովի ուսումնական նյութերի (լող, դահուկային պատրաստություն, ըմբշամարտ, սեղանի թենիս, տուրիստական պատրաստություն, գեղարվեստական մարմնամարզություն և այլն) յուրացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ուսումնական հաստատության հնարավորություններով (մարզահրապարակի, մարզասրահի, լողավազանի, մարզագույքի, կահավորանքի և այլնի առկայություն)՝ սովորողների նախասիրություններով:

 Ծրագրային ուսումնական նյութի ամրակայումն իրականացվում է ինչպես հիմնական, այնպես էլ նախասիրական (ֆակուլտատիվ) և ընտրովի դասերի ժամանակ` դասախոսի առաջադրանքով, ինքնուրույն աշխատանքի միջոցով:

 Մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության ուսումնական դասերն անցկացվում են ֆիզիկական կուլտուրայի ծրագրի պահանջներին համաձայն, տվյալ ուսումնական հաստատության մասնագիտական թեքմանը համապատասխան:

 Ֆիզիկական կուլտուրայից տեսական գիտելիքների հաղորդումն անցկացվում է ծրագրով նախատեսված թեմաներով` տեսական պարապմունքների ժամանակ:

 Առանձին մարզաձևերից սովորողներին տեսական գիտելիքների հաղորդումն անցկացվում է գործնական դասերի ժամանակ զրույցի ձևով` 4-5 րոպե տևողությամբ:

 Գործնական դասերի ընթացքում ուսումնական նյութի ուսուցման և ամրապնդման համար անհրաժեշտ է օգտագործել համապատասխան մարզագույք, ուսումնական սարքավորումներ և պարագաներ՝ ձգտելով հասնել անցկացվող պարապմունքի առավելագույն հագեցվածության:

 Ֆիզկուլտուրայի դասերի արդյունավետ անցկացման համար դասախոսը պետք է նախապես նախապատրաստի պարապմունքը, հմտորեն կազմակերպի այն, օգտագործի առավել արդյունավետ մեթոդներ, որոնք բխում են ուսուցման և դաստիարակության խնդիրներից, պարապմունքի բովանդակությունից և սովորողների անհատական առանձնահատկություններից:

 Ֆիզկուլտուրայի դասերին սովորողները պետք է մասնակցեն մարզահագուստով և մարզակոշիկներով, իսկ ձմռանը` տաք մարզահագուստով:

 Մարզադահլիճներում օդի ջերմաստիճանը պետք է լինի ոչ ցածր, քան 14 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

 Մարզադահլիճներում և մարզահրապարակներում անցկացվող ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված պահանջները և անվտանգության կանոնները:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий