пятница, 23 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի գլխավոր խնդիրն է՝ սովորողների ֆիզիկական, ներդաշնակ զարգացման ապահովումը և առողջության ամրապնդումը:

 Ֆիզիկական կուլտուրայի դասերին անհրաժեշտ է սեր և հետաքրքըրություն առաջացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ, հասնել այն բանին, որ դրանց մասնակցությունը նրանց համար դառնա իմաստավորված և նպատակաուղղված, իսկ հետագայում նաև` պահանջմունք: 

 Այս ենթաթեման պարզաբանելիս անհրաժեշտ է սովորողներին տեղեկություններ հաղորդել ֆիզիկական վարժություններով պարապմունքների օրգանիզմի վրա ունեցող դրական, առաղջարարական նշանակության մասին: 

 ՈՒսուցիչը զրույցի միջոցով, մատչելի ձևով, օրինակներով պետք է պատմի, թե ինչպիսի դրական ազդեցություն են ունենում ֆիզիկական վարժությունները մարդկանց օրգանիզմի վրա:

 Ակնհայտ է, որ շարժումը և առաջին հերթին ֆիզիկական վարժություններն անհրաժեշտ են օրգանիզմի բոլոր համակարգերի զարգացման համար:

 Ապացուցված է, որ ֆիզիկական վարժություններով կանոնավոր և սիստեմատիկ զբաղվողներն ունեն ֆիզիկական զարգացման ավելի լավ ցուցանիշներ, քան ֆիզիկական վարժություններով չզբաղվող երեխաները: Այսպես` ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ զբաղվողների մարմնի հասակը բարձր է 5-10սմ-ով, կրծքավանդակի շրջագիծը մեծ է 4-7 սմ-ով, դաստակի ուժը` 8-15 կգ-ով և այլն: 

 Ֆիզիկական վարժություններով սիստեմատիկ պարապմունքները նպաստում են մարդու առողջության ամրապնդմանը, բարելավում են օրգանիզմի օրգան համակարգերի գործունեությունը, հատկապես սրտի աշխատանքը, որն ապահովում է արյան ավելի լայն շրջանառություն, մեծացնում է կրծքավանդակի շարժունակությունը և դրանով իսկ բարձրացնում թոքերի կենսական տարողությունը: 

 Առանց շարժման չի կարող լինել նորմալ նյութափոխանակություն, օրգանիզմի նորմալ աճ և զարգացում:

 Ապացուցված է նաև, որ մկանային գործունեության սահմանափակումը նպաստում է օրգանիզմի ճարպակալմանը, մարսողության խախտմանը, կարճատեսությանը, սրտանոթային ու շնչառական համակարգերի հիվանդությունների աճին և օրգանիզմի դիմադրողականության անկմանը: 

 Ֆիզիկական կուլտուրայի դասերը և ֆիզիկական վարժություններով պարապելը դրական ազդեցություն են ունենում սովորողների ֆիզիկական, մտավոր, բարոյական և գեղագիտական դաստիարակության վրա:

 Այսինքն, Ֆիզիկական կուլտուրայի միջոցով սովորողները ձեռք են բերում բավարար ֆիզիկական զարգացում, նրանց մեջ մշակվում են անհրաժեշտ շարժողական ունակություններ` արագաշարժություն, ուժ, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, շարժումների համաձայնեցում և այլն: Բացի այդ, ձևավորվում են ինքնավստահության, համարձակության, կարգապահության, կամքի ուժի, փոխօգնության և համագործակցության հմտություններ:

 Նրանք պետք է իմանան, որ ֆիզիկական վարժություններն օրգանիզմի վրա ունենում են զարգացնող, կատարելագործող, վերափոխող ներգործություն:

 Ֆիզիկական վարժություններով պարապելը, այսինքն՝ ֆիզիկական բեռնվածությունը մարզում է օրգանիզմը, բարելավում օրգանիզմի հիմնական համակարգերի (սիրտ-անոթային, շնչառական և այլն ), նյութափոխանակության, շարժողական ապարատի գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, կրճատում հիվանդությունների քանակը:

 Ֆիզիկական վարժություններով պարապմունքները նպաստում են վերացնելու կեցվածքի շեղումները, ողնաշարի ծռվածությունը, կանխում են հարթաթաթությունը:

 Բացի այդ, ֆիզիկական վարժությունները լավացնում են սովորողնե-րի հոգեկան վիճակը, արտաքին տեսքը, տրամադրությունը:

 Վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ներկա ժամանակաշրջանում աճում է կեցվածքի հենաշարժիչ ապարատի շեղումներ ունեցող սովորողների թիվը: Հետևաբար ժամանակի հրամայականն է՝ սովորողներին գիտելիքներ հաղորդել ճիշտ կեցվածքի վերաբերյալ, այդ հարցում ֆիզիկական վարժությունների ունեցած նշանակության մասին:

 Կեցվածքը բնածին չի լինում. այն ձևավորվում է երեխայի աճի և զարգացման ընթացքում:

 Ճիշտ կեցվածք ընդունված է համարել մարմնի սովորական դրությունը ողնասյան բնական կորություններով, գլխի, իրանի, կրծքավանդակի, ուսերի, թիակների, կոնքի ճիշտ դիրքով: 

 Կեցվածքի շեղումների պատճառները բազմաթիվ են, օրինակ` քայլելիս մեջքը կռացնելը, պայուսակը և այլ ծանրություններ միևնույն ձեռքով տանելը, նստարանին սխալ նստելը, բարձր բարձը և այլն: Սովորողները պետք է գիտենան, որ կեցվածքի խախտումները ուղեկցվում են հոգնածությամբ, ընդհանուր ինքնազգացողության վատացմամբ: Այն բացասաբար է ազդում առողջության վրա, պատճառ դառնում հիվանդությունների առաջացմանը: 

 Հասկանալի է, որ ողնաշարի ծռումները, կրծքավանդակի ձևի փոփոխությունները անբարենպաստ պայմաններ են ստեղծում սրտի և թոքերի աշխատանքի համար: 

 Կեցվածքը կարելի է բնորոշել որպես արտաքին կերպարանք, բարեկրթության ձև: Գեղեցիկ ճիշտ կեցվածքը մշակվում է հատուկ վարժությունների միջոցով: 

 Ճիշտ կեցվածք ձևավորելու համար պետք է մարզել այն մկանախմբերը, որոնք մարմինը պահում են ճիշտ դիրքում: Իսկ այսպիսի դիրքը պահպանելու համար հարկավոր է մարզել ամբողջ կմախքի մկանները, հատկապես որովայնի և մեջքի մկանները: 

 Հետևաբար, իմանալով կեցվածքի շեղումների պատճառները, ոչ միայն պետք է խուսափել դրանցից, այլև կատարել ճիշտ կեցվածքը ձևավորող վարժություններ: Ֆիզիկական կուլտուրայի դասերը, ֆիզիկական վարժություններով պարապելը նպաստում են նաև սովորողների մտավոր և

 ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը: Սովորողները պետք է գիտելիքներ ունենան նաև իրենց աշխատունակության վերաբերյալ, որից կախված է ուսումնական գործունեության արդյունավետությունը: Ցածր աշխատունակության դեպքում սովորողը ավելի շատ ժամանակ է ծախսում դասապատրաստման վրա, քիչ է շարժվում, զբոսնում: Աշխատունակության պահպանման և բարձրացման գործում զգալի դեր է խաղում ֆիզիկական վարժությունների, ֆիզկուլտդադարների պարբերաբար կատարումը, օրգանիզմի կոփումը և մաքուր օդում զբոսանքը:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий