пятница, 23 июля 2021 г.

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 Հոգնածությունը մարդու աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակն է, որն առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշվում է աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ: 

 Սովորաբար կարճատև լարված աշխատանքից հետո հոգնածությունը արագ է անցնում, իսկ տևական աշխատանքից հետո` ավելի դանդաղ և աստիճանաբար: 

 Ընդհանրապես մարդկանց մոտ հոգնածության զարգացումն ու ընթացքը պայմանավորված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքով: Ֆիզիկական աշխատանքի ժամանակ աշխատող մկանախմբերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխություններ, որոնց հետևանքով առաջանում է ջերմային էներգիա, որի մի մասը վերածվելով մեխանիկականի, մարդը կատարում է այս կամ այն աշխատանքը: 

 Բացի այդ, միաժամանակ նյութափոխանակության ժամանակ որոշ չափով պակասում են օրգանիզմի համար անհրաժեշտ հիմնական սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), էներգիայի այլ պաշարները (վիտամիններ, հորմոններ և այլն), ինչպես նաև առաջանում են այրման և թերայրման արգասիքներ: Հենց դրանցով էլ պայմանավորվում է հոգնածության առաջացումը: 

 Ֆիզիկական աշխատանքին մասնակցում են նաև մարդու շնչառական, սրտանոթային և նյարդային համակարգերը: 

 Հոգնածության աստիճանի մասին որոշում են հոգնածության արտաքին օբյեկտիվ ցուցանիշների արտահայտվածությամբ և ինքնազգացողությամբ: Փոքր հոգնածության ցուցանիշներն են` մաշկի թեթևակի կարմրելը, աննշան քրտնարտադրությունը, շնչառության թեթևակի հաճախությունը, աշխույժ շարժումները, առաջադրանքի հստակ կատարումը և նորմալ զգացողությունը: Միջին հոգնածության ժամանակ մաշկը նկատելի կարմրում է, դեմքի արտահայտությունը լարվում է, նկատելի է դեմքի մեծ քրտնարտադրություն, շնչառության հաճախացում, անվստահ շարժումներ, խոր ներշնչում և արտաշնչում, առաջադրանքի ոչ վստահ կատարում, իսկ ինքնազգացողությունում` նկատելի է ցավ մկաններում, սրտխփոց, հոգնածություն: 

 Մեծ /անթույլատրելի/ կամ գերհոգնածության ժամանակ մարդու դեմքը կարմրում է կամ գունաթափվում, առաջանում է ընդհանուր կտրուկ քրտնարտադրություն, շնչառության հաճախացում, դող վերջույթներում, երբեմն էլ ուշագնացություն, իսկ ինքնազգացողությունը լինում է` գլխապտույտ, աղմուկ ականջներում, սրտխառնություն, անհամաձայնեցված շարժումներ և այլն: 

 Սովորողները պետք է տեղեկանան, որ հոգնածությունը ֆիզիկական բեռնվածության պարտադիր ուղեկիցն է, քանի որ առանց հոգնածության հնարավոր չէ օրգանիզմի դիմացկունության բարելավումը, ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացումը: Բացի այդ, հոգնածության զգացումն օրգանիզմն ապահովում է գերլարվածությունից, այսինքն՝ այն ունի պաշտպանողական դեր, արգելակում է էներգետիկ պաշարների և նյարդային համակարգի հյուծվելը: 

 Հոգնածությունը և գերհոգնածությունը կարող են լինել ոչ միայն չափից ավելի ֆիզիկական և մտավոր բեռնվածության, այլև  ոչ ճիշտ ապրելակերպի, անքնության հետևանք: 

 Գերհոգնածությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կանխել հոգնածության լուրջ խորացումը, ֆիզիկական վարժությունները կատարել երկարատև, ցածր բեռնվածությամբ, օգտագործել վերականգնման միջոցներ, կազմակերպել լիարժեք հանգիստ: Գերհոգնածության կանխման միջոցներից են նաև ֆիզիկական բեռնվածության, մտավոր աշխատանքի ու հանգստի արդյունավետ ռեժիմի պահպանումը:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий