пятница, 11 июня 2021 г.

Հրդեհաշիջման օպերատիվ պլաններ և հրդեհաշիջման քարտեր: Դրանց նպատակը և կազմման ձևը

Հրդեհաշիջման օպերատիվ պլաններ և հրդեհաշիջման քարտեր 

Դրանց նպատակը և կազմման ձևը

 

Արտակարգ իրավիճակների նախարարության  Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների կողմից  համայնքներում, կազմակերպություններում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու, անձնակազմի գործողությունները հստակեցնելու, նրանց տեսական և գործնական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպը զարգացնելու նպատակով կազմվում են հրդեհաշիջման օպերատիվ պլաններ և քարտեր (այսուհետ` ՀՕՊ, ՀՔ):

Հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի (ՀՕՊ, ՀՔ)  մշակումը թույլ է տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների մարման, մարդկանց ու նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ուժերն ու միջոցները:

 

 Հրդեհաշիջման օպերատիվ պլաններն ու քարտերը նախատեսված են.

1)կազմակերպությունների բնութագրական տվյալների վերաբերյալ տեղեկությունների ստացման, վերլուծության և հնարավոր հրդեհների դեպքում իրավիճակի կանխատեսման և ստորաբաժանումների գործողությունների արդյունավետ ղեկավարման համար.

2) օգնել հրդեհաշիջման ղեկավարներին` ստույգ որոշելու հրդեհաշիջման վճռական ուղղությունները, արդյունավետ օգտագործել ժամանած ուժերն ու միջոցները, կանխել հրդեհի վտանգավոր զարգացումները.

3) Կազմակերպության ղեկավարի կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և սպասարկող անձնակազմի գործողությունները կանոնակարգելու համար.

4) Հրդեհների վերլուծության ժամանակ տեղեկությունների ապահովման համար:

 

 հրդեհաշիջման օպերատիվ պլան - փաստաթուղթ, որում նախանշվում են կազմակերպություններում հրդեհաշիջման կազմակերպման հիմանական միջոցառում-ները,

 հրդեհաշիջման քարտ - փաստաթուղթ, որը կազմակերպության կամ գյուղական համայնքի վերաբերյալ պարունակում է հիմնական բնութագրական տվյալներ և հնարավորություն է տալիս հրդեհաշիջման ղեկավարին արագ և ճշգրիտ կազմակերպել մարդկանց փրկումն ու հրդեհի մարումը:

Հրդեհաշիջման օպերատիվ պլաններ և քարտեր մշակվում են գործող  շենք-շինություններում առաջացած հրդեհների մարման օպերատիվության և արդյունավետության բարձրացման նպատակով:

  Հրդեհաշիջման օպերատիվ պլանների, քարտի մշակումը, լրամշակումը իրականացվում է կազմակերպության վարչակազմի և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի համատեղ ուժերով:

  Պլանի մշակմանը պետք է նախորդի որոշակի նախապատրաստական աշխատանք: Անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրել կազմակերպության օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները (մակերեսը, հրակայունության աստիճանը, հարկերի քանակը, շինարարական կոնստրուկցիաների, արտադրական պրոցեսներում օգտագործվող հրդեհավտանգ և պայթյունավտանգ նյութերի տեսակները հրդեհի հնարավոր տարածման ուղիները, մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը, այն տեղամասերը, որտեղ հնարավոր է շինարարական կոնստրուկցիաների փլուզում, պայթյուն), համանման կազմակերպություններում տեղի ունեցած խոշոր հրդեհների մարման փորձը, հակահրդեհային ջրամատակարարման առանձնահատկու­թյունները, հաշվարկել հրդեհի մեկուսացման և  մարման, անհրաժեշտ ուժերի ու միջոցների ներգրավման քանակը:

Հաշվարկները պետք է կատա­րել այն տեղամասերի համար, որտեղ առաջացած հրդեհի դեպքում հնարավոր են ծանր հետևանքներ և դրանց վերացման համար պահանջվում է ուժերի և միջոցների առավել քանակ:

Նավթի բազայի համար հաշվարկները պետք է կատա­րել նավթամթերքների ամբարում հրդեհի դեպքում, երբ դրա վերացման համար պահանջվում է ուժերի և միջոցների առավել քանակ:

 Թատրոններում, մշակույթի տներում իրավիճակը որպես կանոն առավել բարդ է, երբ հրդեհը ծագում է բեմի վրա: Նպատակահարմար է հրդեհի մարման պլան մշակել և բեմում և հանդիսասրահում հրդեհի ծագման դեպքի համար:

 Քիմիական, նավթաքիմիական, նավթամթերքների արտադրության հրդեհա-պայթյունավտանգ արտադրամասերի և սարքավո­րումների համար հրդեհի առավելագույն չափեր կարելի է համարել առանձին, կամ կից կառույցից հակահրդեհային պատերով անջատված, առանձին շենքում տեղադրված, ամբողջ տարածքի մեկ տեխնոլոգիական սարքավորման այրումը:   

      1Փայտանյութի պահեստներում, այրվող ծածկերի մեծ մակերես ունեցող շենքե­րի  հրդեհաշիջմանը անհրաժեշտ ուժերի և միջոցների կենտ­րոնացման ժամանակա-հատվածում հրդեհի հնարավոր տարածման գնահատա­կանը տալու համար` հարկավոր է օգտվել հրշեջ-տեխնիկական տեղեկատուներում  նշված հրդեհների հնարավոր մակերեսի և պարագծի հաշվարկների բանաձևե­րից:

 

    Հրդեհի մարման ուժերը և միջոցները հաշվարկելիս, չպետք է սահմանափակվել միայն հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցների քանակի որոշմամբ՝ ելնելով հրդեհի հնարավոր չափերից: Ենթադրվող իրադրությունը պետք է արտացոլի տվյալ կազմակերպությունում հրդեհի դեմ պայքարի և դրա ծավալման բոլոր առանձնահատկությունները: Անհրաժեշտ է նախատեսել հրդեհի իրավիճակի զանազան տարբերակներ, նկատի ունենալով ծխապատ և այրվող սենյակ­ներում գտնվող մարդկանց անմիջական օգնության անհրաժեշտությունը, հրդեհաշիջման ղեկավարի տրամադրության տակ գտնվող ուժերի և միջոցների ար­դյունավետ օգտագործումը և դրանց ակտիվ համագործակցությունը:

  Կազմակերպության վերաբերյալ հրդեհաշիջման օպերատիվ պլանը կազմվում է մեկ ամսից ոչ ավելի, իսկ  հրդեհաշիջման քարտը 10 օրից ոչ ավելի ժամանակահատվածում: Հրդեհաշիջման օպերատիվ պլաններն ու քարտերը կազմվում են երկու օրինակից, որոնցից մեկը հանձնվում է կազմակերպությանը, իսկ մյուսը պահվում է ՀՓՋ-ում:

  Հրդեհաշիջման օպերատիվ պլաններում և  հրդեհաշիջման քարտերում փոփոխություններ կատարվում են անհրաժեշտության դեպքում (երբ փոխվել է կազմակերպության նշանակությունը, կատարվել են ծավալահատակագծային փոփոխություններ և այլն), բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ:

Հրդեհաշիջման օպերատիվ պլանները կազմվում են 210x297 մմ չափեր ունեցող (A4 ձևաչափ) սպիտակ թղթերի վրա: Հրդեհաշիջման օպերատիվ պլանների գծագրական մասը կազմվում է երկու օրինակից` առանձին թղթերի վրա, իսկ գլխավոր հատակագիծը (A3) ձևաչափի թղթի վրա:Անհրաժեշտության դեպում չափերը կարելի է մեծացնել մինչև 594x420 մմ-ի:

  Հրդեհաշիջման օպերատիվ պլանների կառուցվածքային տարրերն են`

1) տիտղոսաթերթը,

2) հիմնական մասը,

3) հավելվածները:

   Տիտղոսաթերթը համարվում է հրդեհաշիջման օպերատիվ պլանի առաջին էջը: Այդ էջի վրա նշվում է կազմակերպության անվանումը, գերատեսչական պատկանելիությունը, հասցեն, հեռախոսահամարները, կողմերի ստորագրություններն ու կնիքները:

  Հիմնական մասը բաղկացած է տեքստային և գծագրական մասերից:

Պլանի տեքստային մասում պետք է արտացոլվեն կազմակերպության բնութագրական տվյալները, հնարավոր հրդեհի տարածման, զարգացման կանխատեսումները, նշվեն հնարավոր վատագույն իրավիճակի կարևոր առանձնահատկությունները, որոնք գծագրերում արտացոլել  հնարավոր չէ: Տեքստային մասում բերվում են հրդեհի մարման համար ուժերի և  միջոցների հաշվարկները, դրանց ներգրավման կարգը և ժամանակը: Այստեղ հրդեհաշիջման ղեկավարին տրվում են առաջարկություններ՝ առաջինը ժամանած ստորաբաժանման ուժերի արդյունավետ օգտագործման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման և անցկացման մարտավարության, կազմակերպության ծառայությունների հետ համագործակցության, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի պահանջների պահպանման ուղղությամբ:

 Պլանի տեքստային մասում նշվում են նաև հրդեհի վայրում այլ գործողությունների առանձնահատկությունները, օրինակ` ջուր կրելու կամ վերամղելու, երկարատև աշխատանքի դեպքում շնչառական ապարատների պաշար ստեղծելու աշխատանքների կազմակերպումը:

 Տեքստային մասում ուժերի և միջոցների հաշվարկներում ներկայացվում են ստորաբաժանումների բացազատման, ջրաղբյուրների, ջրի վերամղման սխեմաները, հրդեհի վայ­րին մոտ գտնվող ջրաղբյուրներից սնվող ավտոմեքենաներից տրված փողրակների քանակը:

 Նավթի բազաների հրդեհաշիջման օպերատիվ պլաններում անհրաժեշտ է ունենալ փրփրային գրոհի նախապատրաստման պատասխանատու անձի գործառույթները սահմանող ներդիր, որում աղյուսակի տեսքով տրվում են նավթամթերքի ամբարի ռեզերվուարի հրդեհի մարման ուժերի և միջոցների հաշվարկը, անձնակազմի տեղաբաշխման սխեմաները:

   Պլանում անհրաժեշտ է նաև ունենալ ներդիր անվտան­գության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատու անձի համար, որտեղ պետք է նշված լինեն այրվող նավթի հնարավոր ժայթքման և արտահոսքի ժամանակ անվտանգության միջոցառումների նախա­պատրաստման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ:

Պլանի գծագրական մասը պետք Է լինի հնարավորին չափ լիարժեք և ընդգրկի առավելագույն անհրաժեշտ տեղեկություններ: Դրանում պետք Է ար­տացոլվեն կազմակերպության հիմնական կառուցվածքային առանձնահատկությունները, ջրացանցի բնութագիրը, ծածկերով, պատերով և հակահրդեհային անջրպետներով հրդեհի տարածման հնարավոր ուղիները, առանձին դեպքերում կոնստրուկցիայի հրակայունության սահմանները, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի գործարկման սարքի տեղակայման վայրը, ծխափողանցքները, հրդեհավտանգ նյութեր փոխադրող խողովակաշարերի փականքների վայրերը, պայթյունավտանգ տեղեր և այլն:

 Կազմակերպության պլան-սխեմայում պարտադիր նշվում են բոլոր ջրաղբյուրները, որոնք կարող են օգտագործվել հրդեհի մարման ժամանակ և այդ ջրաղբյուրներից մինչև հիմնական կառույցների (հրդեհի վայրը) հեռավորությունը, անհրաժեշտության դեպքում փողրակագծերի փռման առաջարկվող ուղղությունները:

Պլանի գծագրական մասը պետք է լինի հստակ և չծանրաբեռնվի ավելորդ նշագրումներով և տեղեկություններով:

Հրդեհաշիջման քարտեր կազմվում են գյուղական համայնքների և այն կազմակերպությունների համար, որտեղ հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար պահանջվում են նախնական տեղեկություններ, սակայն ընդգրկված չեն հրդեհաշիջման պլաններ ունեցող կազմակերպությունների ցանկում:

 Հրդեհաշիջման քարտի գլխավոր նշանակությունն է օգնել հրդեհաշիջման ղեկավարին՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:

Օգտագործման հարմարավետության համար օպերատիվ քարտերը պետք է լինեն միևնույն ձևաչափի (15X20 սմ), ընդ որում` քարտերի բլանկները նպատակա­հարմար է պատրաստել տպագրական հաստ թղթի վրա:

Գիշերային ժամերին մարդկանց առկայությամբ կազմակերպությունների համար կազմված օպերատիվ քարտերի երեսամասում, անկյունագծով, տարվում են կարմիր շերտագծեր:

Օպերատիվ քարտի տեքստային մասում նշվում են կազմակերպության հասցեն, ուղևորման երթուղին, հեռախոսի համարը, ցերե­կային և գիշերային ժամերին առկա հիվանդների կամ երեխաների թվաքանակը (այդ տվյալները քաղաքներում մանկական հիմնարկների համար ճշտվում են յուրաքանչյուր հեր­թապահության ժամանակ), կառուցվածքային այն առանձնահատկությունները, որոնք չեն  արտացոլվել գծագրական մասում:

Օպերատիվ քարտի գծագրական մասը կազմվում է կազմակերպության հատակագծից  և հարկերի հատակագծերից: Հատակագիծը կազմվում է  1:200 մինչև 1:500 մասշտաբով, նշվում են կազմակերպության ծավալահատակագծային չափերը, սահմանները,  ցույց են տրվում մոտակա շինությունների միջև եղած անջրպետները, մոտակա փողոցները, ջրաղբյուրները, դրանց հեռավորությունը տվյալ կառույցներից:

Հարկերի հատակագծերում նշվում են տարահանման բոլոր ելքերը, մուտքերն ու այլ ուղիները (հիմնական աստիճանները), հրդեհաշիջման համակարգերը, վերելակները, էլեկտրաէներգիայի անջատման տեղերը, անշարժ հրշեջ սանդուղքները, բոլոր սենյակները և դրանց անվանումները, յուրաքանչյուր սենյակի մարդկանց  թվաքանակը, սպասարկող անձնակազմի գտնվելու վայրը:

 Գծագրերի վրա վտանգավոր նյութերի պահպանման տեղերը ցույց են տրվում նաև համապատասխան պայմանական նշաններով:

Հրդեհաշիջման քարտերը  հաստատվում են հրշեջ փրկարարական ջոկատների հրամանատարների և կազմակերպությունների ղեկավարների կողմից: Քարտերը պահվում են ջոկատի կապի կետում:

Քարտերը ուսումնասիրվում են դասընթացների անցկացման ընթացքում` ջոկատի  բոլոր պահա­կախմբերի հետ, ինչպես նաև կազմակերպություններում հրշեջ  մարտավարական վարժանքներ անցկաց­նելիս:

Комментариев нет:

Отправить комментарий