пятница, 11 июня 2021 г.

Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունները: Հատուկ աշխատանքների կատարումը հրդեհի վայրում

Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունները

Հատուկ աշխատանքների կատարումը հրդեհի վայրում

 

 Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղություն-համարվում այն ուղղությունը, որտեղ սպառնալիք է ստեղծվել մարդկանց, պայթյունի և կրակի առավել ինտենսիվ տարածման համար ու որտեղ ստորաբաժանումների գործողությունները տվյալ պահին կարող են ապահովել հրդեհաշիջման հաջողությունը:

 Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը որոշվում է հետևյալ սկզբունքներից ելնելով՝

1) հրդեհի վտանգավոր գործոնները սպառնում են մարդկանց կյանքին և նրանց փրկելն անհնար է առանց կրակմարիչ նյութերով փողակներ տալու՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում են փրկարարական աշխատանքներն ապահովելու համար.

2) ստեղծվել է պայթունի վտանգ՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այնտեղ, որտեղ ստորաբաժանումների գործողությունները կարող են նախականխել պայթունը.

3) այրումն ընդգրկել է օբյեկտի մի մասը և տարածվում է մյուս մասերը կամ հարևան շինությունները՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այն տեղամասերում, որտեղ կրակի տարածումը կարող է բերել առավելագույն վնասների.

4) բռնկված է առանձին կանգնած շինությունը (շենքը) և վտանգ չկա նրա տարածվելուն դեպի հարևան օբյեկտները՝ հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և տրվում են առավել ինտենսիվ այրման տեղամասերում.

5) բռնկված է իրենից արժեք չներկայացնող շենքը և սպառնալիք է ստեղծվել մոտ գտնվող օբյեկտի համար՝ հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են չայրվող շենքի (շինության) կողմից:

 Հատուկ աշխատանքների շարքին են դասվում՝ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքները, ինչպես նաև  ծխահեռացումը, հրդեհի վայրի լուսավորումը, կառուցվածքների քանդումը:

 Շնչելու համար ոչ պիտանի միջավայրում աշխատելիս անհրաժեշտ է՝

1) կազմել երեքից-հինգ հոգուց բաղկացած գազածխապաշտպանների օղակ, ապահովված միանման շնչառական ապարատնեերով: Մարդկանց փրկելու անհետաձգելի աշխատանքներ կատարելիս   ղեկավարի որոշմամբ օղակի կազմը կարող է նվազեցվել մինչև երկու հոգի.

2) գազածխապաշտպան ծառայության օղակի հրամանատարին մշտական կապ պահպանել անցագրային պահակետի հետ և նրա միջոցով պարբերաբար զեկուցել  ղեկավարին՝ իրավիճակի և գործողությունների մասին.

3) շարժվելու ճանապարհին տուժածների հանդիպելու դեպքում նրանց օգնություն ցույց տալ կամ դուրս բերել և ապա շարունակել կատարել մարտական առաջադրանքը.

4) մետրոյի թունելներ, ստորգետնյա մեծածավալ շինություններ և ինը հարկից ավելի շենքեր միաժամանակ ուղարկել երկուսից ոչ պակաս օղակներ:

Այդ դեպքում լրիվ մարտական վիճակում գտնվող մեկ օղակ դրվում է անվտանգություն անցագրային պահակետի մոտ՝ շնչելու համար ոչ պիտանի միջավայրում գտնվող անձնակազմին անհետաձգելի  օգնություն ցույց տալու համար:

Բարդ և երկարատև հրդեհների դեպքում, որտեղ գործում են գազածխապաշտպան մի քանի օղակներ,  ղեկավարը պարտավոր է կազմակերպել անցագրային կետ:

Անցագրային  կետի  աշխատանքները ղեկավարում է  ղեկավարի կողմից նշանակված անձը՝ առավել պատրաստված հրամկազմից:

 Գազածխապաշտպան ծառայության օղակների աշխատանքները հրդեհի վայրում ղեկավարում են՝

1) մեկ օղակի աշխատանքի դեպքում՝ օղակի հրամանատարը կամ  ղեկավարի կողմից հրամկազմից նշանակված անձը.

2) մեկ խմբի, հերթափոխի աշխատանքի դեպքում՝ հերթապահ խմբի, հերթափոխի պետը կամ նրա կարգադրությամբ օղակների հրամանատարները, որոնց կազմում կան գազածխապաշտպան օղակներ.

3) միաժամանակ մի քանի խմբերի, հերթափոխերի աշխատանքների դեպքում  ղեկավարի կողմից` հրամկազմից նշանակվող անձը.

    Ծխի դեմ պայքարելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հակածխային համակարգերը, հրշեջ ավտոծխաքաշերը, օդափոխիչները և բրեզենտե փակոցները:

    Շինությունների կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

1) մարդկանց և նյութական արժեքները փրկելու.

2) այրման աննկատ օջախները հայտնաբերելու.

3) կրակմարիչ նյութերն առավել արդյունավետ օգտագործելու.

4) կրակի տարածման ճանապարհին հակահրդեհային անջրպետներ ստեղծելու.

5)  ծուխն ու գազերը հեռացնելու.

6)  փլուզումները կանխելու.

7)  հրդեհի օջախին մոտենալու և փողակներ տալու համար:

             Շենքի կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է այն սահմաններում, որոնք հարկավոր են փրկարարական աշխատանքները իրականացնելու համար և միայն այն բանից հետո, երբ այդ տեղամասում արդեն կենտրոնացվել և պատրաստ են գործելու հրդեհաշիջման միջոցները:

Հակահրդեհային անջրպետներ ստեղծելու աշխատանքները պետք է ավարտվեն մինչև կրակի մոտենալը այդ տեղամասին:

Կառուցվածքների բացումն ու քանդումը անհրաժեշտ է կատարել այնպես, որ չթուլացվի կառուցատարրերի կրող հատկությունը և չառաջացվի նրանց փլուզումը, չվնասվեն էլեկտրացանցերը, էլեկտրակայանքները և գազամուղները:

 Քանդած կառուցատարրերը բարձրությունից նետելուց առաջ անհրաժեշտ է նրանց ընկնելու տեղերը ստուգել և  շրջափակել:

             Սենյակները լուսավորելու համար անհրաժեշտ է օգտագործել էլեկտրական լապտերներ, իսկ դրանց անբավարար լինելու կամ բացակայության դեպքում՝ ավտոմեքենաներից սնվող լուսարձակներ: Այդ դեպքում լուսարձակներն անհրաժեշտ է միացնել սենյակները մտնելուց առաջ:

 Լարման տակ գտնվող էլեկտրական սարքերն ու հաղորդալարերը հոսանքազրկվում են, եթե դրանք՝

1) վնասվել և վտանգավոր են հրդեհի վայրում աշխատողների համար.

2) վտանգ են ներկայացնում ջուր թափվելու հետևանքով նոր այրման օջախներ առաջացնելու համար.

3) խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքներին և կառուցվածքների քանդմանը:

    Բարձր լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների անջատումը կատարվում է կազմակերպության (քաղաքի) էներգածառայության ներկայացուցչի կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий