среда, 9 июня 2021 г.

Կլիմայի գլոբալ փոփոխությունը և կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում

Կլիմայի գլոբալ փոփոխությունը և կլիմայական ռիսկերի կառավարում ՀՀ-ում
    Կլիմայի փոփոխությունը որոշակի տարածքի, շրջանի կամ ամբողջ մոլորակի եղանակային տևական փոփոխությունն  է: Այդ փոփոխությունը չափվում է միջին եղանակային ցուցանիշների՝ ջերմաստիճանի, քամիների, տեղումների  փոփոխություններով: Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ փոփոխվում է երկրի մթնոլորտի և  մակերևույթի կողմից կլանված էներգիայի, ինչպես նաև արեգակի էներգիայի ընդհանուր քանակը: Այն տեղի է  ունենում նաև այն դեպքում, երբ փոփոխվում է երկրի մակերևույթից և մթնոլորտից դեպի տիեզերք անդրադարձվող  ու ճառագայթվող էներգիայի քանակը: 
    Երկրին էներգիա է ուղարկում տիեզերք նույն չափով, որքան ստանում է արեգակից: Արեգակից ստացվող  էներգիան երկիր է հասնում մեծ մասամբ կարճալիք ճառագայթման ձևով: Ճառագայթման մի մասն անդրադառնում է  երկրի մակերևույթից և մթնոլորտից: Նրա մեծ մասն, այնուամենայնիվ, ուղղակիորեն անցնում է մթնոլորտի միջոցով և  տաքացնում Երկրի մակերևույթը: Երկիրն այս էներգիայից ազատվում է (հետ է ուղարկում տիեզերք) երկարալիք  ինֆրակարմիր ճառագայթման ձևով: Ինֆրակարմիր ճառագայթների մի մասն էլ իր հերթին կլանվում է մթնոլորտում  պարունակվող ջրային գոլորշիների, ածխածնի երկօքսիդի և բնական այլ  ՛՛ջերմոցային գազերի՛՛  կողմից: Վերջիններս  արգելակում են երկրից էներգիայի անմիջական անցումը տիեզերք:   
    Մարդու գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտը կազմող հիմնական ջերմոցային գազերի՝ ածխածնի  երկօքսիդ, մեթան և ազոտի ենթօքսիդի (N2O), հաշվեկշիռը: Վերջին ժամանակներում այս 3 գազերին են ավելացել  նաև հիդրոֆտորածխածինները, պերֆտորածխածինները և հեքսաֆտորիդը: Մթնոլորտում այդ գազերի  արտանետումը փոփոխում է մթնոլորտի էներգիա կլանելու  ունակությունը և բարձրացնում օդի ստորին շերտի  ջերմաստիճանը: Արդյունքում առաջանում է <<ուժեղացված ջերմոցային էֆեկտ>>, ինչն էլ  հանգեցնում է գլոբալ  տաքացման: Ջերմոցային գազերի ապագա արտանետման մակարդակը կախված կլինի աշխարհի բնակչության թվի,  տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական զարգացման միտումներից: Կլիմայի վրա կարևոր ներգործողները  աերոզոլներն են. Առաջանում են ծծմբի երկօքսիդից, ոիը հիմնականում արտանետվում է ջերմակայաններից,  անտառային հիդեհների ծխից ու գյուղատնտեսական թափոնների այրումից: Աերոզոլները պահպանվում են  մթնոլորտում ընդամենը մի քանի օր, սակայն դրանք արտանետվում են այնպիսի մեծ քանակաությամբ, որ կլիմայի  վրա թողնում են զգալի ազդեցություն: 
   Կլիմայական ռիսկերի կառավարումը նոր մոտեցում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության դեմ  պայքարի հարցում: Կլիմայի ռիսկերի կառավարումը ենթադրում է գոյություն ունեցող և սպասվող ապագա ռիսկերի  գնահատում, այդ թվում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի գնահատում, և վերջիններիս ինտեգրում երկրի  զարգացման ծրագրերի, քաղաքականության, ռազմավարական փաստաթղթերի մեջ՝ և՛ ազգային, և՛ տեղական  մակարդակներում: 
     Կլիմայական ռիսկերի կառավարման հիմնական նպատակն է ամրապնդել և զարգացնել բնակչության  կարողությունները կլիմայի փոփոխության հարմարվողականության ասպարեզում, նվազեցնել կլիմայի փոփոխության  հետևանքով  տնտեսության տարբեր ճյուղերի խոցելիությունը այնպիսի բնական վտանգավոր եղանակակլիմայական  երևույթներից, ինչպիսիք են՝ երաշտը, հեղեղումները, սելավները, ինչպես նաև ապահովել երկրի կայուն զարգացումը՝  ռազմավարական ծրագրերում կլիմայի փոփոխության բաղադրիչի ինտեգրման միջոցով: 
     Կլիմայական ռիսկերի կառավարման խնդիրն է գնահատել հնարավոր ռիսկերը և մշակել միջոցառումներ՝ ուղղված  դրանց կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը գլոբալ, ազգային և տեղական մակարդակներով: 
   Կլիմայական ռիսկերի կառավարման և աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններն են՝ խոցելիության  գնահատումը, արձագանքումը, կարողությունների ամրապնդումը, հարմարվողականության, մեղմացմանն ու  կանխարգելմանն ուղղված գործողությունների ինտեգրումը ազգային  և ճյուղային զարգացման ծրագրերում: 
    Այսպիսով, ակնհայտ է կապը կլիմայի փոփոխության, աղետների վտանգների նվազեցման, երկրի և տնտեսության  կայուն զարգացման և կառավարման միջև: Խնդրի առնչությամբ գոյություն ունեցող գործողությունները, գիտելիքները  և փորձը անհրաժեշտ է համատեղել գլոբալ և տեղական մակարդակներում, կլիմայի փոփոխության հետ կապված  ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման համար:
 
Այլ՝
Արտակարգ իրավիճակների (ԱԻ) հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий