среда, 9 июня 2021 г.

Շինարարական կոնստրուկցիաների ժամանակավոր ամրացման անհրաժեշտությունը և պարզագույն եղանակները՝ անվտանգության հրահանգների և նորմերի պահպանմամբ

 Շինարարական կոնստրուկցիաների ժամանակավոր ամրացման անհրաժեշտությունը և պարզագույն եղանակները՝ անվտանգության հրահանգների և նորմերի պահպանմամբ

Ավերածություններ ունեցող քաղաքներում վթարափրկարարական աշխատանքների հետ զուգահեռ անհրաժեշ է լինում նաև կատարել մասնակի վնասված շենքերի ու շինությունների վերականգման աշխատանքներ: Այս դեպքերում կարող են առաջանալ կիսաքանդ շենքերի փլուզման, ինչպես նաև շինությունների քանդման և ժամանակավորապես ամրացման խնդիրներ:

Այդ աշխատանքները իրենց մեջ ներառում են հետևյալ աշխատանքները՝

·      շինության մասնակիորեն վնասված կրող տարրերի (հիմնապատեր, սյուներ) ժամանակավոր ամրացում,

·      դռների, պատուհանների վերականգնում,

·      տանիքածածկի նորոգում,

·      ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերագործարկում և այլն:

Ավերված և վնասված շենքերի ու շինությունների շրջանում տարվող աշխատանքները համարվում են խիստ վտանգավոր: Սովորաբար քանդման ենթակա են այն տարրերը (պատեր, սյուներ), որոնք ունեն զգալի վնասվածքներ ինչպես նաև կախված կամ ցցված այն տարրերը (սալեր, հեծաններ և այլն), որոնք չունեն բավարար հենարաններ կամ պատերի հետ ամրակցումներ: Վնասված շենքերի փլուզման վտանգը բնութագրող հատկանիշ են հանդիսանում պատերի ուղղահայաց դիրքից շեղումները, դրանցում անցքերի, խոռոչների և այլ վնասվածքների առկայությունը: Վտանգ են ներկայացնում այն պատերը, որոնց շեղումները գերազանցում են պատի հաստության 1/3-ը: Կոնստրուկցիաների ժամանակավորապես ամրացվում են կանգնակներով, սյուներով, թեքաններով, ձգակապերով, ինչպես նաև հնարավոր պարզագույն եղանակներով` օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերն ու հնարավորությունները: Պատերի առանձին հատվածների ամրացման պարզագույն եղանակ է հանդիսանում դիմահարների օգտագործումը` թեքությամբ տեղադրվող փայտե հենարանների, մետաղական և երկաթբետոնե հեծանների տեսքով: Պատերի շեղվածքները և ծռվածքները ուղղվում են ձգիչ մետաղաճոպանների միջոցով: Այնուհետև ուղղված պատերը ձգանների կամ մետաղական միջադիր տարրերի եռակցման միջոցով ամրացվում են լայնակի պատերին, ծածկերի հեծաններին: Ճաքերով իրարից անջատված ընդերկայնական և ընդլայնական պատերը միմիյանց հետ կապակցվում են անուրների միջոցով, որոնք ամրակցվում են պատերին միացված հեծաններին կամ ծածկասալերին: Շինությունների ներսում ճկված կամ կախված ծածկերի ամրացումը կատարվում է թռիչքի միջնամասում մետաղական կամ փայտե լրացուցիչ հենարանների տեղադրման միջոցով` համապատասխան նյութից տակդիրների օգտագործումով:

Ավերածություններում, փլատակներում, վնասված շենքերում անձնակազմի տեղաշարժը պետք է կատարել զգուշորեն` այն իրականացնելով հատուկ անցումներով: Իսկ անցատեղերում պետք է պատրաստել 0,8մ լայնությամբ կամրջակներ: Կրող կոնստրուկցիաներում ճեղքերի, ձևախախտման և այլ երևույթների առաջացման դեպքում պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքը և մարդկանց դուրս բերել վտանգավոր գոտուց: Աշխատանքային տարածքի մուտքի մոտ պետք է տեղադրել  վտանգի մասին  նախազգուշացնող նշաններ և գրառումներ: Կառուցվածային առանձին տարրերը պետք է քանդել այնպես, որ բացառվեն այլ մասերի հանկարծակի փլուզումները:

Փլվածքների մաքրման ժամանակ պատահում են ամբարձիչ մեքենաների գերբեռնվածություններ: Դրանք կարող են հանգեցնել մեքենաների շրջվելուն: Դրա համար ավերածությունների մաքրման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել աշխատատեղերի կայունությանն ու հորիզոնական լինելու պայմանին: Բնական խոնավությամբ գրունտների դեպքում, թեքություններ թույլատրվում է միչև սահմանային խորությունները, որոնք տարբեր գրունտների համար կազմում են`

· լիցքային, ավազային և կոպճային -1,3մ,

· կավավազայի և ավազակավային – 1,5մ,

· կավային -1,7մ,

· խիտ ոչ ժայռային – 2,2մ:

Ավելի քան 3մ բարձրությամբ փոսորակների թեքությունների վրա աշխատանքների դեպքում անձնակազմը պետք է ապահովված լինի փրկագոտիներով:

 
Այլ՝
Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий