среда, 9 июня 2021 г.

Ի՞նչ է կամավորությունը և ո՞վ է կամավորը

Կամավորության կարգավորումը, կամավորական գործունեության տեսակները,կամավորական աշխատանքների իրականացման հիմնական ձևաչափերը, կամավորության դրդապատճառները, կամավորականների տիպաբանությունը և տարիքային խմբերը

 
  1. ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1.1.  Քոլինզի անգլերեն բառարան (Collins English Dictionary - Complete & Unabridged 2012 Digital Edition)

 Կամավորությունը,  ի շահ հասարակության, ժամանակ և էներգիա տրամադրելու սկզբունքն է՝ որպես  սոցիալական պատասխանատվություն, այլ ոչ թե ֆինանսական պարգև ստանալու նպատակ։

 

1.2. Օքսֆորդի առաջադեմ սովորողների բառարան (Oxford advanced learner's dictionary)

 Կամավորը՝

Ա. անձ է, ով առանց վարձատրության կատարում է որևէ աշխատանք

Բ.  անձ է, ով ինքն իր կամքով առաջարկում է ինչ-որ բան անել

 

1.3. Քեմբրիջի առաջադեմ սովորողների բառարան (Cambridge Advanced Learner’s Dictionary & Thesaurus)

 Կամավորությունն առանց վարձատրության բարի նպատակներով կատարվող աշխատանքն է:

 

1.4. Արդի հայերենի բացատարական բառարան

 Կամավորը՝

1. Ած. Իր կամքի՝ ցանկության համաձայն՝ հոժար կամքով գործող՝ մի բան անող՝ հոժարակամ:

2. Առանց հարկադրության՝ հոժարակամ կատարված՝ տեղի ունեցած:

 

 Կամավորությունը՝

1. կամավոր լինելն է,

2. Կամավորներն են, կամավորների ամբողջություն:

 

1.5. Միավորված ազգերի գլխավոր Ասամբլեա

 Կամավորություն (կամավորական գործունեություն) եզրը վերաբերում է մի շարք գործողությունների, որոնք ազատ կամքի դրսևորում են ի շահ հասարակության և որտեղ դրամական գործոնը գծխավոր խթանը չէ»:

 

1.6. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

 Իր «Կամավորական աշխատանքի չափման ձեռնարկ» աշխատությունում ԱՄԿ-ն առաջարկում է տերմինի հետևյալ սահմանումը. Անվճար ոչ պարտադիր աշխատանք, այսինքն` ժամանակ, որն անհատներն առանց վճարի անցկացնում են գործունեություն իրականացնելիս կամ կազմակերպության միջոցով կամ անմիջականորեն` սեփական ընտանիքից դուրս գտնվող այլոց համար: Բացի այդ, ուսումնասիրությունը սահմանում է կամավորության սահմանման մի շարք հատկանիշներ:

 

   Այն ներառում է աշխատանք: Սա նշանակում է, որ այն ներառում է գործունեություններ որոնք արտադրում են ապրանքներ և/կամ մատուցում ծառայություններ, որոնք ինչ-որ բանով նպաստում են դրա ստացողի հնարավոր արժեքին: Անհրաժեշտ է ընդգծել երկու կետ.

  - Կամավորությունը աշխատանք է: Գործունեությունը պետք է նպաստի տնտեսության ընդհանուր արտադրության սահմանների ներքո գտնվող ծառայությունների մատուցմանը և ապրանքների արտադրությանը: Սա նշանակում է, որ գործունեությունը չի իրականացվում միայն իրականացնող անձի շահի կամ վայելքի համար: Նմանապես, վերապատրաստման և կրթության բնագավառում իրականացված գործունեությունը իրենից չի ներկայացնում կամավորական աշխատանքը, քանի որ այն սովորաբար չի արտադրում այնպիսի արդյունք, որը գտնվում է տնտեսության արտադրության սահմանների ներքո և հետևաբար չի համապատասխանում «աշխատանքի» սահմանմանը: Հիմնական կամավորական աշխատանքը գտնվում է զբաղվածության` ներկայումս հասկանալի միջազգային հասկացության ներքո, սակայն կան կամավորական գործունեություններ, որոնք դուրս են դրանից:

  - Կամավոր համարվելու համար անձը պետք է «որոշ» կամավոր աշխատանք կատարի նշված ժամանակահատվածում: Զբաղվածության միջազգային հասկացությունում «որոշ» բառը սովորաբար ընկալվում է առնվազն մեկ ժամ կարճ ժամանակահատվածի համար (մեկ օր կամ մեկ շաբաթ): Սակայն հարկ է հաշվի առնել, որ կամավորությունը կարող է իրականացվել նշյալից էլ ավելի կարճ ժամանակահատվածների համար:

 

   Այն չվճարվող է: Կամավորական աշխատանքն իր սահմանմամբ աշխատանք է առանց վճարման կամ փոխհատուցման, լինի դա կանխիկ, թե` բնեղենով: Սակայն, դրամական կամ բնեղենով փոխհատուցման որոշակի ձևեր կարող են հնարավոր լինել` չխախտելով սահմանման այս հատկանիշը:

 

   Կամավորները կարող են փոխհատուցել իրենց հանձնարարությունների կատարման համար օգտագործած գրպանի ծախսերի դիմաց (օրինակ` ճանապարհորդության ծախսեր կամ սարքավորումների արժեք):

 

   Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք սնունդն է և փոխադրամիջոցները կարող են մատուցվել կամավորին, քանի դեռ դրանց արժեքը հավասար չէ տեղական շուկայի աշխատավարձի արժեքին կամ չի գերազանցում այն:

 

   Կամավորները կարող են ստանալ իրենց կենսապահովման ծախսերը ծածկելու համար նախատեսված կրթաթոշակները, քանի դեռ կրթաթոշակները չեն համապատասխանում տեղական շուկայական արժեքին, աշխատանքի որակին կամ քանակին կամ դրա արդյունքին (եթե առկա են):

 

   Կամավոր աշխատանքի դիմաց խորհրդանշական նվերներ կամ երախտագիտության այլ նման արտահայտություններ կարող են տրվել կամավորին, քանի դեռ նրանք հավասար չեն տեղական շուկայի աշխատավարձի արժեքին:

 

   Արդյոք այդպիսի փոխհատուցման արժեքը համարվում է տեղական շուկայի աշխատավարձի արժեքին հավասար կամ դրանից ավելի` կարող է վայրից վայր բավականաչափ տարբեր լինել: Ցածր վարձատրվող տարածքներում սննդամթերքի բնեղենով տրամադրումը, օրինակ, կարող է դիտվել որպես նշանակալից փոխհատուցում: Յուրաքանչյուր երկիր պետք է այդ որոշումները կայացնի տեղական սովորույթների համաձայն:

 

   Կամավորները կարող են ստանալ կամավորությունից ոչ նյութական օգուտներ, ինչպիսիք են հմտությունների զարգացում, սոցիալական կապեր, աշխատանքային կոնտակտներ, սոցիալական դիրք և սեփական արժեքի զգացողություն:

 

   Այն ոչ պարտադիր է:  Կամավորական աշխատանքը պետք է ներառի ընտրության զգալի տարր: Անձինք ներգրավում են նման գործունեությունում հոժարակամորեն` առանց օրենսդրական պարտավորության կամ այլ եղանակով հարկադրման:

 

   Չվճարվող աշկերտությունը, որը պահանջվում է աշխատանքի ընդունվելու համար և պրակտիկան և ուսանողական կամավոր աշխատանքը, որոնք պահանջվում են ուսումնական կամ այլ վերապատրաստման ծրագիրն ավարտելու կամ շարունակելու համար խախտում են սահմանման ոչ-պարտադիր տարրը և, հետևաբար, չպետք է դիտվեն որպես կամավոր աշխատանք:

 

   Այն ներառում է

  - «ուղղակի» (direct) կամավորությունը, օրինակ` կամավորական գործունեություն, որն անմիջականորեն իրականացվում է այլ ընտանիքների համար,

  - «կազմակերպվության վրա հիմնված» (organization-based) կամավորություն, օրինակ` կամավորություն` իրականացված շահույթ չհետապնդող կազմակերպությունների կամ այլ կառույցների համար կամ միջոցով:

  - առանց պարտադրանքի կատարած կամավորություն ինստիտուցիոնալ բոլոր տեսակի համակարգերում` շահույթ չհետապնդող կազմակերպություններ, կառավարություն, մասնավոր բիզնեսներ և այլն:

 

   Այն չի ներառում աշխատանք, որը կատարված է առանց վճարի կամավորի սեփականի ընտանիքի համար:

 

   Այն չի սահմանափակում կամավորական աշխատանքի շրջանակը որոշակի շահառուով: Կամավորական աշխատանքը կարող է իրականացվել հօգուտ կազմակերպությունների և պատճառների լայն շրջանակի, ներառյալ` մարդիկ, շրջակա միջավայր, կենդանիներ, ավելի լայն համայնք և այլն:

 

1.7. Եվորպական երիտասարդական ֆորում

 Կամավորը այն անձն է, ով սեփական կամքով իրականացնում է գործունեություն՝ ի շահ հասարակության: Այս գործունեությունն իրականացվում է անշահախնդրորեն, նպաստում է հանուն համընդհանուր բարօրության, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի էներգիա և ժամանակ ներդնող կամավորի անձնական որակների զարգացմանը:

 Կամավորական գործունեությունն իրականացնում է կամավորը, որը կատարվում է անշահախնդիր աշխատանք՝ առանձ ֆինանսական ակնկալիքի: Գործունեությունը կարող է իրականացվել կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության միջոցով, ինչպես նաև կամավորի սեփական նախաձեռնությամբ»:

 

1.8.Եվրոպական պառլամենտ

 Կամավորություն եզրը վերաբերում է բոլոր տեսակի չվճարվող/անվճար աշխատանքերին, որոնք իրականացնում են անհատները սեփական կամքով, ֆորմալ և ոչ ֆրոմալ հիմունքներով»:

 

1.9. Երիտասարդական նախաձեռնությունների ֆորում

 «Երիտասարդական նախաձեռնությունների ֆորումը» գլխավորում է նախաձեռնությունը Եվրոպայում իշխող կամավոր աշխատանքի համար միասնական շրջանակի ապահովման գործում: 2012թ. Երիտասարդական նախաձեռնության ֆորումը, Եվրոպայի խորհրդի Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, մեկնարկեց «Կամավորների իրավունքների և պարտականությունների եվրոպական խարտիան»: Խարտիան տրամադրում է «կամավորական գործունեության» հետևյալ սահմանումը. Կամավորական գործունեությունն իրականացվում է կամավորների կողմից: Գործունեությունն իրականացվում է շահույթ չհետապնդող գործի համար և չի փոխարինում վճարովի անձնակազմին: Գործունեությունը կարող է իրականացվել կամավորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (volunteering provider) կամ կամավորի սեփական նախաձեռնության շրջանակներում:

 

 Խարտիան նախատեսում է կամավորական ծառայությունների տրամադրողների համար մի քանի դրույթներ, որոնցից 2-ն են վերաբերելի.

 Հոդված 27 Կամավորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների եկամուտը չպետք է հարկվի:

 Հոդված 28 Կամավորական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ընտրեն կամավորներին իրենց առաքելությանը և տեսլականին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով` կամավորների որոշակի հմտությունները և պրոֆիլները, եթե որոշակի կամավորական գործողություններ դրանք պահանջեն:

 

 «Երիտասարդական նախաձեռնությունների ֆորումը» դիտում է գործունեությունը որպես կամավոր, երբ այն համապատասխանում է հետևյալ չափանիշներին.

   Գործունեությունն իրականացվել է անձի սեփական ազատ կամքով և ներառում է ժամանակի և էներգիայի հանձնառություն` կատարել գործողություններ ի շահ այլոց կամ ամբողջ հասարակությանը,

   Գործունեությունը չվճարվող է, սակայն կարող է ներառել ծախսերի փոխհատուցում, որոնք ուղղակիորեն վերաբերում են կամավորական գործունեությանը,

   Այն իրականացվում է շահույթ չհետապնդող նպատակներով` հիմնականում ոչ կառավարական կազմակերպություններում, հետևաբար` չի կարող մոտիվացվել ֆինանսական կամ նյութական շահով,

   Կամավորությունը չպետք է օգտագործվի այն կերպով, որպեսզի փոխարինի վճարովի անձնակազմին:

 

1.10.      Կամավորական կազմակերպությունների ասոցիացիա

 Կամավորական կազմակերպությունների ասոցիացիան, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների Եվրոպական հարթակ, տարբերակում է.

   Կամավորություն, որը կարող է լինել պատահական կամ կանոնավոր, կես դրույքով կամ լրիվ դրույքով: Լավագույն տարբերակն է ապահովել, որ պաշտոնական կամավորները ապահովագրվեն պատահարներից, առողջապահության և երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրությունների միջոցով, ստանան համապատասխան վերապատրաստում և կառավարում, ինչպես նաև բոլոր գրպանային ծախսերի փոխհատուցում:

   Կամավորական ծառայություն, որը վերաբերում է որոշակի, ամբողջ դրույքով կատարված կամավորական գործունեությանը, որն իրականացվում է շարունակական հիմունքներով աշխատանքի սահմանափակ ժամանակահատվածի համար: Նշյալը չպետք է խառնել քաղաքացիական ծառայության հետ, որը կամավոր ծառայություն է, որը կառավարվում է պետության կողմից կամ պետության անունից, օրինակ` սոցիալական դաշտում կամ քաղաքացիական պաշտպանության, և «քաղաքացիների (civilian) ծառայություն», որը պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքն է որոշ երկրներում, սակայն կամավոր չէ:

 

  1. ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

2.1. Փոխօգնություն (փոխադարձ օգնություն կամ ինքնօգնություն)

 Կամավորական գործունեության այս տեսակը համարվում է զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աջակցման համակարգի հենասյուներից: Փոխօգնությամբ զբաղվում են ինչպես մտերմիկ (ոչ պաշտոնական) ազգակցական շրջանակներում, այնպես էլ կլանային խմբավորումներում ու առավել պաշտոնական միություններում: Կամավորական միահամուռ (խմբակային) աշխատանքները կարևոր են մարդու բարեկեցության համար:

 

2.2.Ծառայություն այլոց համար

 Այս կամավորական աշխատանքն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ  կազմակերպությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, բնակարանաշինությունը, կրթությունը և սպորտը: Ծառայություններն իրականացվում են տեղական (լոկալ), ազգային և միջազգային մակարդակներով: Նման ձևաչափով միջոցառումները կարող է ներառվել կառավարության, ոչ պետական կազմակերպությունների կամ մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ծրագրերում:

 

2.3.       Մասնակցություն կամ քաղաքացիական ներգրավում

 Կամավորության այս ձևաչափն արդյունավետ կառավարաման կարևորագույն բաղադրիչներից է: Դրա վառ ապացույցն է կամավորների երգրավվումը կառավարության խորհրդատվական մարմիններում, տեղական զարգացման ծրագրերում և այլն:

 

2.4.       Շահերի ներկայացում կամ քարոզչություն

 Կամավորության այս տեսակը ենթադրում է մասնակցություն ակտիվիստների կողմից իրականացվող շարժումներին, որոնց նպատակն է իրազեկության բարձրացումը տեղական և համընդհանուր (գլոբալ) խնդիրների վերաբերյալ:

 

  1. ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՄԱՆ ՀԻՄԱՆԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

 Կամավորական աշխատանքներն իրականացվում են երկու հիմնական ձևաչափերով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ:

3.1.       Ֆորմալ կամավորությունն իրականացվում է որևէ կառույցի միջոցով: Այս դեպքում հստակ սահմանված են կամավորի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի ժամաքանակ և կամավորության տևողությունը:

 Օրինակ՝ երիտասարդը կամավոր հիմունքով զբաղեցրել է ծրագրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կախնարգելման» ծրագրի օգնականի հաստիքը, որի տևողությունը 6 ամիս է, կամավորը շաբաթական պետք է աշխատի 16 ժամ:

 

3.2.       Ոչ ֆորմալ կամավորությունը ենթադրում է կամավորական գործունեությունը, որը կազմակերպվել է անհատի կամ անհատների, ոչ ֆորմալ խմբի նախաձեռնությամբ: Այստեղ չկա հստակ աշխատանքային կանոնակարգ, սահմանված ժամանքանակ:

 Օրինակ՝ մի խումբ ուսանողներ կազմակերպում են դրամահավաք և իրականացնում այց մանկատուն:

 

 Կամավորական աշխատանքի ձևաչափի հարցում չկա նախընտրելի տարբերակ. յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները և դրանց ընտրության նպատակահարմարությունը կախված է իրականացվող աշխատանքի առաքելությունից ու բնույթից:

 

  1. ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 Վեր են հանվում կամավորությամբ զբաղվելու հետևյալ դրդապատճառները.

·         անձնական կամ ընտանեկան ներգրավվածություն,

·         անձնական բավարարվածություն,

·         սոցիալական պայմանագիր (social contract),

·         կրոնական համոզմունք,

·         ակտիվ լինել,

·         նոր հմտություններ սովորել,

·         հանրօգուտ գործ անել,

·         օգնել այլոց,

·         փորձ ձեռք բերել,

·         օգտագործել հմտություններն ու գիտելիքը,

·         պարտավորության զգացում,

·         ընկերներ ձեռք բերել,

·         պարզապես պատահականություն։

 

  1. ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 Տեսաբանները, խմբված շարժառիթները համակցելով ժողովրդագրական և սեռատարիքային առանձնահատկությունների հետ (Dolnicar and Randle 2007), կամավորներին տիպաբանորեն դասակարգել են վեց սեգմենտներում.

·         դասական կամավորներ,

·         նվիրյալ կամավորներ,

·         ներգրավված կամավորներ,

·         անձնական բավարարվածություն հետապնդող կամավորներ,

·         մարդասեր կամավորներ,

·         օգտապաշտ կամավորներ։

 Դասական կամավորների հիմնական նպատակը արժեքավոր և հանրօգուտ աշխատանք կատարելն է։ Նրանք սովորաբար տարեց են, աշխատաշուկայում ակտիվ մասնակցություն չունեն, մեծ ջանասիրությամբ ներգրավված են կամավորական աշխատանքներում։ Կրտսեր մասնակիցները չնայած նշում են դրական փոփոխություն բերելու ցանկությունը, սակայն շատ քիչ ժամանակ են տրամադրում կամավորությանը՝ ինչը պայմանավորված է դպրոցական ծրագրի հետ անհամատեղելիությամբ։

 Նվիրյալ կամավորները բավական շատ ժամանակ են տրամադրում կամավորությանը և համագործակցում են բազմաթիվ կամավորական կառույցների հետ։ Վերջիններս որպես շարժառիթ նշում են մի քանի դրդապատճառ, որոնք հավասարապես կարևոր են լինում։

 Ներգրավված կամավորները միայն սահամանփակ ժամանակ են տրամադրում կամավորությանը՝ աշխատելով հաստատություններում, որոնցում հարազատներ կամ ծանոթներ ունեն։

 Անձնական բավարարվածություն հետապնդող կամավորները հազվադեպ են առանձնացնում այլոց օգնելու շարժառիթը որպես հիմնական մոտիվացիա։

 Մարդասեր կամավորները որպես առանցքային դրդապատճառ դիտարկում են մերձավորին օգտակար լինելու ցանկությունը։ Տարիքային բոլոր խմբերն էլ համապատասխան են «մարդասեր կամավորների» բնորոշմանը։ Թեև պետք է նշել, որ կրտսեր խմբի անդամները, չնայած ցանկությանը՝ սահմանափակ փորձ, հմտություններ ու ժամանակ ունենալու պատճառով չեն կարող լիովին ներգրավված լինել այսօրինակ նախաձեռնություններում։ Ուստի, սեփական հնարավորությունները իրատեսորեն գնահատելով, երիտասարդները կամավորության այլ դրդապատճառներ են նշում։

 Օգտապաշտ կամավորներն աչքի են ընկնում կրթվածության բարձ մակարդակով, համեմատաբար երիտասարդ են (կրտսեր տարիքային խումբ), նորեկ են կամավորության ոլորտում և որպես դրդապատճառ առանձնացնում են կամավորներին ոչ հատուկ շարժառիթներ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելը, պահանջված փաստաթուղթը ստանալը կամ ոլորտում պատահաբար հայտնվելը։

 Այս առանձնահատկությունները, այդուհանդերձ, միայն մասնակիորեն են տեղայնացվում տարբեր երկրներում։ Բայց և այնպես, հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել նոր հիպոթեզ ձևավորելու կամ էլ համեմատական վերլուծությունների համար։ Այսպիսով, ամեն երկրի օրինակ կարիք ունի առանձին ուսումնասիրության:

 

  1. ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

6.1. Կրտսեր տարիքային տիրույթ

ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

 Տարիքային այս խմբում կամավորության դրդապատճառները բազմաբնույթ են։ Շարժառիթները կարելի է բաժանել ըստ փուլերի՝ մինչև կամավորությունը և փորձառությունից հետո։ Սկզբնական շրջանում ռոմանտիզմն ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու ցանկությունն են պայմանավորում կամավորությամբ զբաղվելու որոշումը։ Խոսվում է նաև աշխարհը փոխելու, օգտակար լինելու, ձանձրալի առօրյայում փոփոխություն մտցնելու, մյուսների հետ հաղորդակցվելու և հետաքրքրիր աշխատանք կատարելու ցանկությունների մասին։ Հետագայում արդեն կամավորությունը դիտարկվում է որպես ինքնաճանաչողության միջոց, և թիրախային խմբի անդամները կամավորական աշխատանք են կատարում տարբեր ոլորտներում սեփական ներուժը գնահատելու ու մասնագիտական կողմնորոշումը հստակեցնեու նպատակով։ Կամավորությունն ընկալվում է նաև ներդրում ապագայի մեջ, որի հեռանկարները, սակայն, հստակ չեն ուրվագծվում, քանի որ այդ տարիքում մասնակիցները դեռ չեն պատկերացնում այն ոլորտը, որտեղ կկարողանային կիրառել ձեռք բերած փորձը։ Վերջիններս նշում են, որ կամավորությունը միանշանակ կնպաստի աշխատանք գտնելուն, մասնագիտական առաջխաղացմանը, բայց թե որ ոլորտում, դեռ անհայտ է։

 Փոխարենը՝ նրանք կարևորում են կյանքի փորձ ձեռք բերելու հնարավորությունը, որը նրանց ավելի ինքնավստահ, շրջահայաց և գիտակից է դարձնում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբի կամավորները աշխատանքային փորձառության միջոցով ձգտում են ապահովել իրենց սահուն անցումը դեպի «մեծերի աշխարհ»։ Ցցուն է նաև միտումը կրկնօրինակելու մենթորներին, ինչն արտահայտվում է, օրինակ, հետագայում կազմակերպչական և ոչ «շարքային» աշխատանք կատարելու ցանկությամբ։

 

ՍԵՓԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ

 Կամավորների այս խմբում հստակ նկատելի է սեփական գերազանցության գիտակցումը, ինչն արտահայտվում է արված աշխատանքից ստացած բավարարվածության, կարևոր գործում ներդրում ունենալու և տարեկիցների համեմատ հանրօգուտ աշխատանք կատարած լինելու զգացումով։ Այս խումբն իրեն հստակ տարբերակում է շահախնդիր կամավորներից։ Հարցման մասնակիցները նշում են, որ իրենց տարեկիցների շրջանում կան այսպես կոչված՝ «թղթի համար» կամավորություն անողներ, որոնց հիմնական շարժառիթը անձնական շահն է, կամավորությունը փաստող վկայականի առկայությունը համալսարան ընդունվելու կամ ուսման վարձի զեղչ ստանալու համար։ Այդուհանդերձ, շահադիտական դրդապատճառներ ունենալը մեղադրելի չէ, իսկ «ստիպված կամավորությունը» հետագայում միգուցե հանրօգուտ աշխատանք կատարելու ցանկություն արթնացնի։ Ամեն դեպքում, ըստ հարցվողների, շահախնդիր կամավորները հիմնականում անտարբեր են գործի նկատմամբ։

 

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 Թեպետ կամավորական աշխատանքը բնորոշվում է որպես դրական երևույթ, տարիքային այս խումբն առանձնացնում է խնդիրներ, որոնց ականատեսն է եղել փորձառության ընթացքում։ Նշվում է գործի բերումով կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելու հնարավորությունը, տարիքային առումով անցանկալի խոսակցությունների մեջ ներգրավվելու անխուսափելի լինելը, աշխատանքի համակարգման հետ կապված որոշ բացթողումներ և հասարակական հնարավոր ճնշումը։ Հատկանշական է, որ այս խմբում, ի տարբերություն մյուսների, գնահատված չլինելու մասին խոսք ընդհանրապես չկա։ Հավանաբար սա բացատրվում է կրտսեր տարիքային խմբի թեթև ծանրաբեռնվածությամբ. կամավորական աշխատանքով նրանք զբաղվում են հիմնականում ամռանը, ներգրավված են համեմատաբար հաճելի և հեշտ աշխատանքներում, ինչի դիմաց խրախուսանք, գովասանք կամ գնահատվածություն ի սկզբանե չեն ակնկալում։

 

6.2.       Միջին տարիքային տիրույթ

ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

 Միջին տարիքային խմբում կամավորությամբ զբաղվողները ներգրավված են հիմնականում մասնագիտական ոլորտներում, ինչն օգնում է նրանց աշխատանքային առաջխաղացմանը։ Որպես շարժառիթ նշվում է մարդասիրական բաղադրիչը։ Դիմացինին օգնելիս նրանք հոգեկան բավարարվածություն են ստանում, որն ամրագրվում է անշահախնդիր լինելուց հաճույք ստանալու և գնահատվածության գիտակցմամբ։ Ըստ հարցվողների՝ հարազատ ոլորտում գործունեությունը նպաստում է աշխատանքային փորձի, նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչը թույլ է տալիս իրենց ավելի կազմակերպված և ինքնավստահ զգալ։ Հատկանշական է, որ տարիքային այս խմբում չեն էլ թաքցնում, որ կազմակերպության հեղինակությունը վճռորոշ է կամավորությամբ զբաղվելու որոշում ընդունելու համար։ Հայտնի ընկերությունում կամ կազմակերպությունում կամավորությունը գրավիչ է հաստատության ներքին խոհանոցին ծանոթանալու, փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և այլ տեսանկյուններից։ Այդուհանդերձ, հետագա ներգրավվածության համար կարևոր է գաղափարի գիտակցումը, որը կամավորական աշխատանքի հիմնական շարժիչ ուժն է։

 

ՍԵՓԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ

 Սեփական գերազանցության գիտակցումը հստակ արտահայտված է նաև այս խմբում։ Նշվում է, որ կամավորությունը ամեն մեկի համար չէ։ Եթե կրտսեր խմբում հարցվողներն իրենց համեմատում էին կամավորություն չարած տարեկիցների կամ շահախնդիր կամավորների հետ, ապա միջին խումբը այս երկուսին հավելում է նաև երիտասարդ կամավորներին, որոնք հաճույքի համար են հանրօգուտ աշխատանք կատարում՝ հիմնականում ամռան ամիսներին։ Ամեն դեպքում, ներգրավվածության այս տեսակն էլ է գովելի, շահախնդիր նկրտումները ևս  չեն մերժվում, ավելին, կամավորության ընթացքում հաշվենկատների դրդապատճառները կարող են փոխվել։

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

 Տարիքային այս խումբը խնդիրներն ընկալում է որպես մարտահրավեր, որոնց ճիշտ արձագանքելով իրենք ավելի հմուտ և փորձառու են դառնում։ Կամավորության բնագավառում համեմատաբար զգալի փորձ ունենալով՝ հարցվողները խոսում են նաև ոլորտում կամավորների ներգրավվածությունն ընդլայնելու ուղիների մասին։ Հիմնականում նշվում է իրազեկումը դպրոցներում, ինչը թույլ կտա, որ երեխաները գիտակցեն կամավորության կարևորությունը։ Որպես հիմնական խոչընդոտ դիտարկվում է տեղեկացվածության բացը, որը կարելի է լուծել իրազեկող արշավների միջոցով։ Արդյունավետ է համարվում նաև կամավորներ ստիպողաբար ներգրավելու տարբերակը, ինչը հնարավոր է, եթե կամավորական աշխատանքը ցանկալի կամ անհրաժեշտ նախապայան սկսեն դիտարկել համալսարանները և գործատուները։ Նման քայլերը, ըստ հարցվողների, քայլերը թույլ կտան ավելացնել կամավորների քանակը։

 

6.3.       Ավագ տարիքային տիրույթ

ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

 Հարցվողների հիմնական մոտիվացիան կարելի է հավասարապես բաշխել մարդասիրական և շրջահայացությամբ պայմանավորված բաղադրիչների միջև, իսկ արված գործից բավարարվածության գիտակցումը կարելի է բնորոշել որպես հիմնական շարժառիթ։ Մյուս՝ ոչ պակաս կարևոր շարժառիթը մի քանի շերտ ունի, որոնք միտված են մասնագիտական բացի լրացմանը, հմտությունների և գիտելիքի զարգացմանը, կարողությունների պահպանմանը։ Օրինակ՝ օտարալեզու միջավայրում կամավորությունը նպաստում է օտար լեզուն պահպանելուն և այն զարգացնելուն։ Հատկանշական է, որ եթե մյուս խմբերում կամավորությամբ ցանկանում են փորձ և հմտություններ ձեռք բերել, ապա ավագները փորձում են կամավորության ճանապարհով մոռացության չմատնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքում՝ մասնագիտական ոլորտում կամավորական աշխատանք ծավալելու նախապայմանը այս խմբի համար մեծ կարևորություն ունի։

 

ՉԳՆԱՀԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

 Ի տարբերություն մյուս խմբերի՝ հարցվողներն այստեղ կամավորության վերաբերյալ հստակ մտահոգություններ ունեն, հիմնականում՝ գնահատված չլինելը։ Դժգոհության տեղիք է տալիս հատկապես պետական մարմինների կողմից խրախուսանքի չարժանանալը։ Թեպետ վերջիններս նշում են, որ գնահատվածությունը կարող է շնորհակալական խոսքի տեսքով էլ արտահայվել, բայց վատ չէր լինի, որ կամավորները, թեկուզ խորհրդանշական, բայց խրախուսվեին, ֆինանսական խրախուսանք ստանային՝ իրենց ավելի արժևորված զգալու համար։ Այդ կերպ իրենք կկարողանային հոգալ նաև սննդի և տեղափոխման ծախսերը։ Տարատեսակ արտոնությունների և սոցիալական ապահովագրության տրամադրումը նույնպես գնահատանքի միջոց կարող է լինել։

 

ՀՍՏԱԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

 Լինելով փորձառու՝ հարցվողները տարբեր լուծումներ են առաջարկում։ Հիմնական խնդիրը, ըստ նրանց, կամավորության մշակույթի բացակայությունն է, ինչը մասամբ պատճառաբանվում է խորհրդային տարիների ժառանգությամբ։ Մյուս խնդիրը կամավորության մասին օրենքի բացակայությունից բխող հետևանքներն են, ինչի արդյունքում կամավորները կարող են շահագործվել կամ ընդհանրապես չաշխատել (կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի սկզբունքով), պաշտպանված չլինել (օրինակ՝ վնասի դեպքում), կամ էլ համապատասխան որակավորում կամ փորձառություն չունեցող կամավորները կարող են վնասել իրենց աշխատանքով։

 Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնել կարող է երեխաներին փոքր տարիքից դրան վարժեցնելն ու այդ մշակույթը դաստիարակելը, կամավորական աշխատանքը երեխաների մոտ հետաքրքիր եղանակներով խրախուսելը։ Բոլոր այս խնդիրները հնարավոր է լուծել համապատասխան օրենքի միջոցով, որը և՛ կկարգավորի ոլորտում առկա բացերը, և՛ կմեծացնի կամավորների թիվը։

 

6.4.       Երբևէ կամավորական աշխատանք չծավալածների խումբ

 Թեկուզև թիրախային խմբի մասնակիցներն ակնածանքով են վերաբերվում կամավորությանը, նրանք երբևէ նմանատիպ աշխատանք չեն կատարել։ Հարցվողները մե՛կ մատնանշում են հանգամանքները, թե ինչու կամավորություն չեն արել, մե՛կ վատաբանում երևույթը՝ արդարացնելով անգործությունը, մե՛կ փորձում կամավորության և այլ երևույթների միջև համեմատականներ անցկացնել՝ ցույց տալու համար, որ իրենք էլ ինչ-որ կերպ կամավորական են եղել։

 Կամավորություն չանելու հիմնական պատճառը ժամանակի սղությունն է, նպաստող միջավայրի բացակայությունը (տանը չեն տեսել, դպրոցում չեն արել), հասարակական կարծիքը, օրինակ, չվճարվող աշխատանք կատարելու բացասական ընկալումը, կամ էլ կամավորական աշխատանքի անհամատեղելիությունը տղամարդկայնության հետ։ Մասնակիցներից մեկը, օրինակ, նշել է. «Շատերը մի քանի տարի առաջ կամավորագրվեցին ու սահման մեկնեցին, բայց իրենցից քչերը կհամաձայնեն բահը ձեռքներին այգում գործ անել»։

 Հարցվողներն ունեն կատարյալ կամավորի իրենց պատկերացումը, որից մասնակի շեղումն անգամ մեկնաբանվում է բացասական երանգավորմամբ, և որով փորձ է արվում արդարացնել կամավորական աշխատանքներում ներգրավված չլինելը։ Իդեալական կամավորականը անշահախնդիր մեկն է, ով անհատույց աշխատանք է անում բացառապես մասնագիտական ոլորտում։ Այս շրջանակից դուրս կամավորությունը ասոցացվում է, օրինակ, ծայրահեղականության, քաղաքական ակտիվիզմի կամ շահախնդրության հետ։ Մասնակիցները նշում են, որ եթե կարողանային մասնագիտական շրջանակում կամավորություն անել, հնարավոր է՝ անեին, սակայն դժվարանում են պատկերացնել իրենց հմտությունների կիրառումը կամավորության ձևաչափով։

 Ինչպես արդեն նշվեց, վերջիններս հաճախ զուգահեռներ են անցկացնում կամավորության և բարեգործության, բարի գործի, անշահախնդիր արարքի միջև, այնուհետև հարց բարձրացնում, թե արդյոք սա կամավորություն է, թե ոչ։ Հնարավոր է նաև, որ այս զուգակցումները անտեղյակության արդյունք են, քանի որ բազմիցս կամավորին նույնացրել են քաղաքական ակտիվիստների և բնապահպանների հետ։ Հատկանշական է, որ հարցվողները երբեմն այլընտրանքային տարբերակներ են առաջարկում կամավորությանը։ Օրինակ՝ պայքարել, որ համապատասխան մարմիններն իրենց գործը լավ անեն, ինչը կբացառի կամավորական աշխատանքի կարիքը։

 
Աղբյուրը՝
http://www.volunteers.am/article/what-is-volunteering,
https://www.evnreport.com/readers-forum/volunteerism-in-armenia-1,
 
Այլ՝
https://lifestarsociety.blogspot.com/
 Կամավոր, կամավորություն, կամավորականություն, կամավորական

Комментариев нет:

Отправить комментарий